ՌԴ հայերը տարեկան «մի քանի միլիարդ դոլար» հայրենիք չեն ուղարկում․ Պեսկովը սխալվում է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 26-ին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը տարեկան մի քանի միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան, ինչը, ըստ Պեսկովի, Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսն է կազմում։

ՌԴ նախագահի խոսնակը նաև կրկնել է իր արդեն իսկ հերքված պնդումը, թե ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։

«Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում։ Եվ ի դեպ, ՌԴ քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ գումար են փոխանցում այնտեղ. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- պնդել է Պեսկովը։

#CivilNetCheck-ը պարզել է, որ ՌԴ նախագահի խոսնակի այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

ՌԴ-ի հայերը տարեկան մի քանի միլիարդ դոլար Հայաստան չեն փոխանցում

Համաձայն Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների՝ Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց ուղարկած ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները 2023-ին կազմել են ընդհանուր 734,6 մլն դոլար (ներհոսք)։

Հայաստանից ՌԴ ուղարկված ոչ առևտրային դրամական միջոցները (արտահոսք) նույն տարում կազմել են 168 մլն դոլար։ Ստացվում է, որ 2023-ին ՌԴ-ից զուտ ներհոսքը, որը ներհոսքի և արտահոսքի տարբերությունն է, կազմել է 566 մլն դոլար։

Այս ցուցանիշները ներառում են ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) կողմից ոչ առևտրային բնույթի դրամական միջոցների փոխանցումները՝ ինչպես բանկերի, այնպես էլ միջազգային փոխանցումներ իրականացնող համակարգերի միջոցով։ Ընդ որում, խոսքը բոլոր փոխանցումների մասին է՝ ոչ միայն ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց կամ էթնիկ հայերի։

Վերջին տարիներին ՌԴ-ից ֆիզիկական անձանց ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակաբար նվազել են՝ 2019-ին գրանցված 910,7 մլն դոլարից մինչև 2023-ին 734,7 մլն դոլար։ Բացառությունը 2022-ն է, երբ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո բազմաթիվ ՌԴ քաղաքացիներ (այդ թվում՝ էթնիկ հայեր) լքեցին ՌԴ-ն և տեղափոխվեցին Հայաստան՝ իրենց հետ ֆինանսական մեծ հոսքեր բերելով։

Պեսկովի հիշատակած «մի քանի միլիարդ դոլարը» կարող է վերաբերել ՌԴ-ից ֆիզիկական անձանց փոխանցումների ընդհանուր ներհոսքին՝ այդ թվում առևտրային բնույթ կրող փոխանցումներին։

Այսպես, 2023-ին ՌԴ-ից ֆիզանձանց և ԱՁ-ների փոխանցումների ներհոսքը կազմել է 3,9 մլրդ դոլար, 2022-ին՝ 3,6 մլրդ դոլար, 2021-ին՝ 865 մլն դոլար, 2020-ին՝ 824 մլն դոլար և 2019-ին՝ 1 մլրդ դոլար։ Վերջին երկու տարում գրանցված բարձր ներհոսքը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ-ի վրա դրված պատժամիջոցներով և արդյունքում Հայաստանի միջոցով ապրանքների վերաարտահանմամբ։

Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի խոսնակը իր խոսքում նշել է ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի՝ Ռուսաստանից Հայաստան տարեկան ուղարկվող միլիարդավոր դոլարների մասին, ինչը, փաստացի, սխալ է։

ՌԴ-ից փոխանցումները Հայաստանի բյուջեի «մեծ տոկոսը» չեն կազմում

Ռուս-ուկրաինական պատերազմը բարենպաստ ազդեցություն է ունեցել 2022-2023 թվականներին Հայաստանի տնտեսության և պետբյուջեի աճի վրա։ Կարևոր գործոններից են համարվում դեպի ՌԴ ապրանքների վերաարտահանման ծավալների աճը, մարդկանց և նրանց կապիտալի ներհոսքը, ծառայությունների և առևտրի ոլորտների աճը և այլն։

Հայաստանի 2022-ի պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 279 մլրդ դրամ կամ մոտ 5,1 մլրդ դոլար։ 2023-ին բյուջեն զգալիորեն աճել է և ծախսերը կազմել են 2 տրլն 547 մլրդ դրամ կամ շուրջ 6,5 մլրդ դոլար։

Կառավարությունը 2022-ին տնտեսական աճը պլանավորել էր 7 տոկոս, սակայն փաստացի այն կազմեց 12,6 տոկոս։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ այս աճը պայմանավորել էր ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ։

Սակայն թե որքան տոկոս են կազմում բյուջեում ՌԴ-ի հայերի դրամական փոխանցումները՝ անհայտ է։ Հետազոտություն կամ հաշվարկ, թե ՌԴ-ից Հայաստան փոխանցված ֆինանսական միջոցների որքան մասն է ծախսվել և արդյունքում՝ որքանն է հարկերի, տուրքերի և այլ տեսքով հայտնվել պետբյուջեում, մեզ գտնել չհաջոցվեց։

Սակայն միանշանակ է, որ բյուջեի եկամուտների մեջ «ՌԴ-ից հայերի փոխանցումները» ուղղակիորեն չեն մտնում և պնդումը, թե փոխանցումները Հայաստանի բյուջեի «շատ մեծ տոկոսն» են կազմում, անհիմն է։

ՌԴ-ում ավելի շատ հայ չի ապրում, քան Հայաստանում

Ինչ վերաբերում է Պեսկովի պնդմանը, թե ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ապա դրան ավելի վաղ անդրադարձել են «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները։

Առաջին անգամ չէ, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հնչեցնում է այս պնդումը։ Նույնաբովանդակ պնդում նա արել էր 2024-ի մարտի 6-ին։

FIP.am-ը պարզել էր, որ Ռուսաստանում 2020-2021-ին անցկացված պաշտոնական մարդահամարի հրապարակված տվյալների համաձայն՝ ՌԴ-ում ապրում է մոտ 950 000 էթնիկ հայ։

Միաժամանակ, Հայաստանի 2022-ի մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար մարդ, որից ազգությամբ հայ են 2 մլն 875 հազարը։

Այսինքն՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պնդումը, թե ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, սխալ է։

Մեկնաբանել