Արցախի վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, ասել է Փաշինյանը

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են վտարանդի կառավարությունների մասին և այլն։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի՝ ՀՀ-ում կա մեկ կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- կառավարության մարտի 28-ի նիստում բռնի տեղահանված արցախցիների հետ կապված սոցիալական ծրագրերի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համարժեք գործողություններ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների արտաքին սպառնալիք դառնալու համար չօգտագործեն։

«Սա հարց է, որ պետք է պատասխան ստանա։ Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ, եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է»,- շեշտեց Փաշինյանն ու ասաց՝ իր խոսքերը պարզապես հայտարարություն չեն ու դրանք պետք է արտահայտվեն իրական կյանքում։

Ակնարկելով Արցախի ղեկավարությանը՝ Փաշինյանն ասաց՝ նրանք որպես կառավարություն հանդես գալու հնարավորություն ունեցել են ու «տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ»։

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները «հարգալից-անհարգալիցի գիծն անցել են ու չեն կարող անարձագանք մնալ Հայաստանի Հանրապետության կողմից»։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, ասել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել