Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է

«ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում արգելափակվել է, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»,- ասված է հայտարարությունում։

Մարտի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված:

«Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի հույզերի ու արժանապատվության»,- ասել էր նախարարը:

Մեկնաբանել