«Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի օրվա առթիվ

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին էին մեծ ու փոքր, հայտնի կամ անհայտ ծառաները, որոնք իրենք իրենց էին շնորհավորում։

Մեկ փոքրիկ դերով բեմ ելած կամ սերիալի էպիզոդիկ տեսարանում նկարահանված դերասանուհին գրում է իր ազգային, համամարդկային ու տիեզերական առաքելության մասին, ճոռոմ տեքստ գրում թատրոնի ու մշակույթի աստվածային ծագման ու նշանակության մասին և այդ ճռճռան «ստատուսը» զարդարում իր ոչինչ չասող լուսանկարով։ Այս կարգի բաներին կարելի էր ժպիտով վերաբերվել, համարել զավեշտալի ու ծիծաղելի, եթե չլիներ մեդալի հակառակ երեսը՝ ուշադրության պակասը։ Մյուս կողմից, շատերը, որ դերեր են խաղացել ու շարունակում են խաղալ թատրոնի բեմում, բայց սերիալի մի կերպարով ավելի հայտնի են դարձել, այդուհետ նախապատվությունը տվել ավելի շատ և փող, և ճանաչում ապահովող սերիալներին, շատ լավ հասկանում են, որ իրենց արածը փուչ զբաղմունք է, ուստի Թատրոնի միջազգային օրվան հարիր փորձում են հանրությանը, բայց ավելի շատ՝ իրենք իրենց խաբել ու համոզել, թե դեռ շարունակում են հավատարիմ մնալ բեմի ու թատրոնի՝ մանկության իրենց երազանքին։

Սա խաբեություն է ոչ միայն բեմական արվեստն ուրանալու իմաստով։ Նրանցից շատերն են գիտակցում, որ այնքան էլ փուչ ու դատարկ չէ այն շտապողականությունը, որով հանձն են առնում միանման դերեր խաղալ իրարից գրեթե ոչնչով չտարբերվող սերիալներում։ Կխուսափեմ պաթետիկ ձևակերպումներից ու չեմ ասի, թե սիթքոմ ու քրեական սերիալ կոչվող անհամ-անարվեստ պատմություններով, որոնց պլպլան փաթեթավորում ապահովելու համար հեռուստանովել անունն են կպցրել, հասարակություն ու ժողովուրդ են այլասերում, բայց չեմ վարանի պնդել, որ մշակութային ավեր են գործում՝ շրիշակի մակարդակի իջեցնելով միանգամից հեռուստատեսությունն ու կինոն, սցենարական ու ռեժիսորական, էլ չասած՝ դերասանի արվեստը։

Նկատե՞լ եք՝ եթե մի դերասան որևէ սերիալում բութ ու դաժան բռնարար է, ապա դա դառնում է ամպլուա, որովհետև նրա հաջորդ գրեթե բոլոր դերերը «հեռուստանովելներում» այդպիսին են։ Եթե մի դերասանուհի իմաստուն տատիկ է, ուրեմն այդուհետ նա սերիալների ամենայն հայոց կամ հայոց համազգային իմաստուն տատիկն է։ Ոչինչ, որ այդ իմաստուն տատիկը նույն անմիտ խրատներով զզվեցրել է թե՛ իր զավակներին ու թոռնիկներին, թե՛ առավել ևս՝ հեռուստադիտողին։ Ու այդպես շարունակ։

«Ֆասթֆուդ» կոչվող արվեստի էժան սնունդը ոչ միայն օգտակար չէ առողջության համար, այլև՝ թունավոր։ Հասկանալի է, որ այն ավելի շատ է վաճառվում, ինչպես փողոցում, այնպես էլ բոլոր արվեստներում ու գրականության մեջ, բայց ինչքան պիտի միամիտ լինի դերասանը, որ անարվեստ սերիալին ու իր խաղացած անդեմ, անդուր կերպարին արժեք տալու համար հայտարարի, հպարտանա, որ փողոցում ու խանութում իրեն ճանաչում ու դիմում են կերպարի անունով։

Հետաքրքիր է, որ հաճախ սերիալներ ստեղծողները՝ սցենարիստից մինչև դերասան, առիթը բաց չեն թողնում խոսելու մեր լեզվի՝ հայրենի անաղարտության մասին, բայց երբեք մտքներով չեն անցկացնում, որ սերիալի առաջին զոհերից մեկը հենց լեզուն է։ Նկատի չունեմ ո՛չ հայհոյանքն ու «կոկորդդ կկրծեմ» ամենատարածված սպառնալիքը, ո՛չ բարբառային ու գողական ենթամշակույթին հատուկ խոսելաոճն ու բառապաշարը, այլ լեզվի ճղճիմ աղքատությունը։

Բոլոր հեռուստաալիքների բոլոր սերիալների բառապաշարը չի անցնում հազար, առավելագույնը՝ հազար հինգհարյուր բառից, եթե հաշվի չառնենք սերիալի սցենար գրող ու նկարահանող երեք-չորս կանանցից մեկի էքստրավագանտ գործևլաոճը՝ պեղել բառարանային, հազվադեպ օգտագործվող բառեր և խցկել այն երեխա առևանգող կամ մի քանի մարդ սպանող քրեականի բերանը։

Մոտավորապես այսպես․ «Անտարակույս, գլուխդ կաղամ ու կուտեմ, եթե փողս չվերադարձնես։ Ահավասիկ, սա է իմ պայմանը»։

Ճակատագրի հեգնանքով, թե օրինաչափորեն մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, լրատվականներից մեկով աչքիս ընկավ հայտարարությունը, որից չեմ կարող մեջբերում չանել։ «Օրերս հայտարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ Armflix-ի մեկնարկի մասին։ Այն համարվում է հայկական Netflix։ Ի դեպ, այս մեգա նախագծում ընդրկված են երևանյան թատրոնների գրեթե բոլոր դերասանները։ ․․․ Ազգությամբ հայ գործարարները այս մեգա նախագծի վրա ծախսել են միլիոնավոր դոլարներ»։

Ուշադրություն, այնուհետ, նախագծի հովանավորների ու սեփականատերերի անունների թվարկմանը հաջորդում է հետևյալ նախադասությունը՝ «․․․ նկարահանվում է նոր քրեական դրամա, որն, ըստ դերասանական կազմի ու ֆիլմի բնույթի, բացառիկ է լինելու»։

Ոչինչ, որ վարժվել ենք յուրաքանչյուր քրեական քստմնելի սերիալի ցուցադրությունից առաջ լսել բացառիկ, արտառոց, աննախադեպ բնորոշումներով գովազդները։ Կարևորն այստեղ զուգահեռ իրականությունն է։ Նույն օրերին Ազգային ժողովում հերթական քննարկումներն էին ընթանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, քրեական սերիալները, հաղորդումներն արգելելու կամ ցուցադրության ժամը սահմանափակելու վերաբերյալ։

Իսկ ի՞նչ է անում հայկական հեռուստատեսության լոկոմոտիվ Հանրայինը։ Գովելի է, որ ոչ միայն սանտաբարբառային փսլինք ու արցունք արտադրող հարյուրավոր մասեր ունեցող սերիալներ չկան այստեղ, այլև՝ քրեական «աննախադեպ» դրամաներ։ Բայց ի՞նչ է ցուցադրում դրա փոխարեն Հ1-ը։

Բազմաթիվ հին ու նոր «սփյուռքահայերի» հետ վեճ եմ ունեցել քառասունչորսօրյա պատերազմի օրերին բանակի օժանդակության համար հանգանակված գումարի մսխման, յուրացման կամ վատնելու թեմաներով։ Նրանց մեծ մասը (թեև հայաստանցիներս շատ ավելին տվեցինք, քան ամբողջ սփյուռքը) մեկ պնդում ունի՝ «Էդքան փող տվեցինք, քցեցիք մեզ»։

Հանրայինն այս օրերին եթեր է հեռարձակում «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» «հեռուստանովելը», որում օժտված ու բարձր արվեստին ծառայելու ոչ մի օժիտ չստացած ստեղծագործական կազմով պատմում են հերթական հարուստ սփյուռքահային «քցելու» հնարամիտ ծրագրի մասին։ Հաջորդ նախադասությունս ինձ ամենևին դուր չի գալիս, բայց ստիպված եմ գրում՝ որպես ի՞նչ, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում։ Սա ի՞նչ պակաս քրեական ենթամշակույթ է։

Այո՛, Ազգային ժողովում հերթական անգամ քննարկվում էր այդ ենթամշակույթի դեմ պայքարելու անհրաժեշտությունը։ «Ենթա» բառը նշանակում է ստորադաս, սակայն քրեականը, հանցավորը, իսկ ավելի մեծ հաշվով՝ թունավոր «ֆասթֆուդը» վաղուց արդեն մեզանում ենթամշակույթ չէ, այլ գերակա ու գլխադաս։

Մեկնաբանել