ԱՄՆ-ը Հայաստանում ԵՄ առաքելությանը չի մասնակցում. Լավրովը սխալվում է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պնդել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվում են զինծառայողներ ոչ ԵՄ անդամ երկրներից՝ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից։

«[…]Այժմ այնտեղ [Հայաստան` խմբ.] զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն [ԵՄ առաքելությունը՝ խմբ.] վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Լավրովը։

Մինչդեռ, ՌԴ արտգործնախարարը մոլորեցնում է։ Ոչ ԱՄՆ-ից, ոչ Նորվեգիայից, ոչ էլ Կանադայից զինծառայողներ չեն ընդգրկվել ԵՄ առաքելության մեջ։

Այսպես, դեռ 2023-ի հոկտեմբերին հայտնի դարձավ Կանադայից ԵՄ առաքելության կազմում երկու փորձագետ ընդգրկելու մասին։

Այդ մասին հայտնել էր Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հայաստանյան այցի ժամանակ։

ԵՄ առաքելությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ մարտի 29-ին հայտնեցին, որ կանադացի առաջին փորձագետը կմիանա առաքելությանը ապրիլի կեսերին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա առաքելությունից հավաստիացնում են, որ չի նախատեսվում ԱՄՆ մասնակցություն դիտորդական առաքելությանը։

Իսկ Նորվեգիայի մասով ԵՄ առաքելությունից հայտնում են, որ Բրյուսելում ԵՄ գրասենյակը վերջնականացնում է Նորվեգիայի հետ համաձայնագիրը. «Նրանք մոտ ապագայում կմասնակցեն ԵՄ առաքելությանը»։

Հարցազրույցի ընթացքում հնչեցված այլ պնդումներին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը կանդրադառնա ավելի ուշ։

Մեկնաբանել