Վրաստանի կառավարությունը հետ է բերում օտարերկրյա գործակալների մասին չեղարկված օրենքը

Խորհրդարանի շենքի ֆասադը օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ մարտին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Թաթա Շոշիաշվիլի, Մարիամ Նիկուրաձե, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ կրկին կփորձի ընդունել «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը, որը թիրախավորում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ Կուսակցության համանման մեկ այլ փորձ անցած տարի ձախողվել էր՝ օրենքի դեմ իրականացված զանգվածային բողոքի ցույցերից հետո։

Չորեքշաբթի հրավիրված ճեպազրույցի ժամանակ «Վրացական երազանք»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ օրենքը հիմնականում չի տարբերվի անցյալ տարի ներկայացվածից։ Միակ տարբերությունը, ըստ նրա, կլինի այն, որ օրենքի նոր տարբերակում դրսից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները «օտարերկրյա ազդեցության գործակալների» փոխարեն կնշվեն որպես «օտարերկրյա պետության շահերն իրականացնող կազմակերպություններ»։

2023-ի մարտին երկօրյա բողոքի ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ բողոքելու օտարերկրյա գործակալների մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծի դեմ: Բողոքի ակցիաները երբեմն ուղեկցվում էին բռնությամբ, երբ ոստիկանությունը կիրառում էր արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ, ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ՝ փորձելով ցրել ցույցերը: Օրենքի նախագիծը ներկայացնելուց օրեր անց կառավարությունն ստիպված եղավ դեմ քվեարկել դրան, որն ստացել է «ռուսական օրենք» անունը, քանի որ նման է Ռուսաստանում գործող օրենքին, որն օգտագործվում է քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար։

Amnesty International-ը հայտարարել է, որ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հաճախ «ո՛չ համաչափ է, ո՛չ էլ անհրաժեշտ»: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Այդ օրենքի ընդունումից հրաժարվելուց ի վեր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակել է սաստկացնել իր հռետորաբանությունը Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների դեմ:

Մդինարաձեն իր ճեպազրույցն սկսել է՝ քննադատելով քաղաքացիական հասարակությանը։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ «այսպես կոչված քաղաքացիական հատվածը մնում է ամենաոչթափանցիկը Վրաստանում» և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դոնորներին մեղադրել է «ծայրահեղականությունը ֆինանսավորելու» մեջ։

Նա նշել է, որ օրենքի նախագիծը դրսից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպություններին կպարտադրի հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվություն, և որ օրենքի խախտման միակ հետևանքը կլինեն «ֆինանսական պատժամիջոցները»։ Թեև նմանատիպ պնդումներ էին արվել 2023-ի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ դիտորդներն այն ժամանակ զգուշացրել էին, որ օրենքը հավանաբար կօգտագործվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու նպատակով:

Չնայած օրենսդրական վերջին նախագիծը դեռ հրապարակված չէ՝ նախորդ օրենքը նույնպես ենթադրում էր, որ Արդարադատության նախարարությունը «կմշտադիտարկի» այդ կազմակերպություններին, ընդորում՝ մշտադիտարկման բնույթը սահմանված չէր։ Լրատվական կազմակերպությունները զգուշացրել էին, որ դա կարող է ներառել լրագրողներին ստիպելը, որպեսզի բացահայտեն իրենց աղբյուրները կամ տրամադրեն ներքին հաղորդակցության վերաբերյալ տեղեկություններ։

Մդինարաձեն հավելել է, որ օրենքը «բոլոր երեք ընթերցումներով» կընդունվի մինչև խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը՝ հունիսի վերջին։

Մի քանի ընդդիմադիր պատգամավորներ արդեն պնդել են, որ չպետք է թույլ տալ, որ օրենքն ընդունվի:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «Վրացական երազանք»-ին թույլ չտանք մեր երկիրը տանել հակառակ ուղղությամբ»,- ասել է «Եվրոլավատեսներ» խորհրդարանական ընդդիմադիր խմբի պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն։

«Մենք բոլորս պետք է կրկին համախմբենք մեր ուժերը և դիմակայենք ամենամեծ չարիքին՝ Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությանը»,- խորհրդարանում ասել է նա:

«Բարեփոխումներ» կուսակցությունից պատգամավոր Թեոնա Ակուբարդիան հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ը դրանով հայտարարել է «Վրաստանի շահերի դեմ իր վերջին պայքարի» մասին։

Ճեպազրույցի ժամանակ Մդինարաձեն նաև պնդել է, թե կուսակցության հիմնադիր և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որը, ըստ տարածված կարծիքի, շարունակում է վերահսկել կուսակցությունը, չի մասնակցել օտարերկրյա գործակալների մասին օրենսդրությունը կրկին օրակարգ բերելու որոշմանը։ Այդուհանդերձ, նա նշել է, որ Իվանիշվիլիի հետ խորհրդակցել են և ներկայացրել իրենց տեսակետը թեմայի մասին։

Ավտորիտար շրջադա՞րձ

Իշխող կուսակցությունը վերջին ամիսներին մի շարք փոփոխություններ է առաջարկել, որոնք քաղաքացիական հասարակությունը և իրավապաշտպան կազմակերպությունները լայնորեն դատապարտել են՝ համարելով, որ դրանք հակաժողովրդավարական են։

Այս շաբաթվա սկզբին իշխող կուսակցությունը հայտարարեց, որ կաջակցի երկրի Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք կվերացնեն խորհրդարանական ընտրական ցուցակներում գենդերային քվոտաները: Մարտի վերջին «Վրացական երազանք»-ը նաև հայտարարեց, որ կներկայացնի սահմանադրական փոփոխություններ, որոնք օրենքով կարգելեն ԼԳԲՏՔ համայնքի «քարոզչությունը», ներառյալ՝ հրապարակային միջոցառումներ կամ հրապարակումները, որոնք, ըստ օրենքի, «նպաստում են միասեռական ընտանիքների կամ նույնասեռ ինտիմ հարաբերությունների» քարոզին։ Բացի դրանից՝ կարգելվի նաև սեռափոխությունը։

«Վրացական երազանք»-ը նաև խստորեն քննադատել է Վրաստանի բարձրագույն դատական գործիչների «բարեվարքությունը ստուգելու» առաջարկը։ Դա ԵՄ հանձնարարականներից է, որոնք ակնկալվում է, որ Վրաստանը պետք է կատարի, որպեսզի առաջընթաց գրանցի երկրի կարգավիճակի շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններում։

Մդինարաձեի հայտարարությունից անմիջապես հետո Եվրախորհրդարանի անդամներից մեկը հայտարարել է, այդ օրենքը թույլ չի տա, որ Վրաստանը ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում հետագա առաջընթաց ունենա:

Վրացական ընդդիմադիր «Լելո» կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ Վրաստանի ժողովրդավարությունը փրկելու միակ ճանապարհը կառավարությանը ստիպելն է, որպեսզի հեռանա իշխանությունից։

«Կա՛մ մենք պետք կհեռացնենք այս մարդկանց [Վրացական երազանքին – խմբ․], կա՛մ Վրաստանը հրաժեշտ կտա ժողովրդավարական և եվրոպական ապագային երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ»,- ասել է նա։

«Անհրաժեշտ է սկսել ժողովրդական ամբողջական մոբիլիզացիա՝ իշխանափոխության պահանջով»,- ասել է նա։

Մեկնաբանել