Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է Խաղաղության նոբելյան մրցանակի

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:

«Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը»,- հայտնել են Վարդանյանի գրասենյակից։

Հիշատակվել է նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ նա փորձել է մեղմել մարդասիրական ծանր կարիքները, ինչպես նաև կենսական պայմանների բարելավման հնարավորություններ է ստեղծել դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների համար։

«Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Նամակում կարևոր է համարվում նաև այն, որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- ասված է գրասենյակի հայտարարությունում։

Նոբելյան մրցանակի կոմիտեն հստակ սահմանում է, թե ովքեր իրավասության ունեն թեկնածուներ առաջադրել: Մասնավորապես, առաջադրումներ կարող են անել Նոբելյան մրցանակի դափնեկիրները, տարբեր երկների կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչներ, Հաագայի արդարադատության միջազգային դատարանի անդամներ, ակադեմիական շրջանակների անվանի մարդիկ և այլն: Առաջադրողները կարող են հրապարակային չդարձնել իրենց անունները:

***

Ռուբեն Վարդանյանն այժմ ադրբեջանական գերության մեջ է։ Նա ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

Ռուբեն Վարդանյանից բացի, ադրբեջանական գերության մեջ է ևս 22 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Մեկնաբանել