Ադրբեջանը կրակել է Արավուսի և Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանը կրակել է Արավուսի և Խոզնավարի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ գերատեսչությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 5-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակում են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի կրակոցների գերակշիռ մասը ոչ նպատակային և անկանոն է: Ապրիլի 7-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։

Մեկնաբանել