1 000 հանրային ծառայողներ կկարողանան Ավանում կառուցվող շենքում բնակարան ձեռք բերել

Երևանի Հրաչյա Աճառյան 53 հասցեում «ՄԼ մայնինգ» ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարանային համալիրում մոտ 1 000 հանրային ծառայողներ հնարավորություն կունենան բնակարան ունենալու։

Կառավարությունը ապրիլի 12-ին հավանության է արժանացնելու շենքային համալիրում բնակարանների ու ավտոկայանատեղիների վաճառքի կարգի որոշումը։ Բացի 1 000 բնակարանները, հանրային ծառայողներին են վաճառվելու նաև 700 ավտոկայանատեղիներ։ Բնակարանների վիճակահանության, բաշխման ու վաճառքի հետ կապված գործընթացները համակարգելու է Քաղաքաշինության կոմիտեն։

Բնակարանի 1 քառակուսի մետրի գինը ներքին հարդարմամբ կկազմի 448 000 դրամ, իսկ առանց ներքին հարդարման՝ 398 000 դրամ։ Ավտոկայանատեղիի արժեք է ֆիքսվել 4,4 մլն դրամը։

Ծրագրին չեն կարող մասնակցել այն հանրային ծառայողները, ովքեր Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6, N 4, N 4/3, N 19/8, Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեներում կառուցված համալիրներում անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրեր են կնքել, ինչպես նաև Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրում բնակարանի ձեռք բերման իրավունք են ստացել։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի հանրային ծառայող անդամները ծրագրում կներգրավվեն առաց վիճակահանության։

Մեկնաբանել