Կառավարությունը 236 մլն եվրո վարկ կվերցնի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի հետ 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր է կնքելու՝ «Հյուիսի-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։ Վարկային համաձայնագիրը հավանության արժանացնելու որոշումը ներառված է կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում։

Սիսիան-Քաջարան հարավային հատվածի երկարությունը 24,25 կիլոմետր է։ Ըստ կառավարության՝ ասֆալտբետոնե ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, որի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ընդհանուր առմամբ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ճանապարհը ունենալու է 11 մետր լայնություն, 3 երթևեկելի գոտի, 5 թունել, 11 կամուրջ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032-ի նոյեմբերը։ Ակնկալվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման ֆինանսավորմանը կմանսակցի նաև Եվրոպական ներդրումային բանկը։

Մեկնաբանել