Բագրատ սրբազանը ազդարարեց անհնազանդության գործողություններ սկսելու և ԱԺ-ով Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին

21։09

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ խորհրդարանական երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հետ խորհրդակցություններից հետո նրանք նախաձեռնելու են վարչապետի իմփիչմենթի գործըթնաց։

Սրբազանն ասաց, որ խաղաղ անհնազանդության ցույցեր են սկսելու ուրբաթ առավոտյան։ Նա դիմեց ուսանողներին, բուհերին դասադուլ սկսելու կոչով։ Նա դիմեց նաև ուսուցիչներին ու դասախոսներին՝ նույն կոչով։

Բագրատ սրբազանը կոչ արեց նաև մարզերի ժողովրդին անհնազանդության ակցիաներ սկսելու կոչով։

«Ամբողջ հանրապետության տարածքում այդ ճնշումը պետք է լինի»,- ասաց նա։

20:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տված ժամանակը լրանալուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ խաղաղ անհնազանդության գործողություններ ենք սկսելու՝ ստիպելու հրաժարական ներկայացնել։

«Խոփդ քարին է կպել։ Պարզապես ժամանակ ես ձգում»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց շարժման ղեկավարը։

Նա ասաց, որ նաև Ազգային ժողովով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու և այդ նպատակով ԱԺ երեք խմբակցությունների հետ քննարկումներ են կազմակերպելու։

Դիմելով հրապարակում հավաքված ժողովրդին, Բագրատ սրբազանն ասաց․ «Եթե ձեզ համար թանկ է Հայաստանի ազատագրությունը, պետականությունը, մեր պատիվն է, ուրեմն այս երկու-երեք օրը տառապանքով պետք է նվաճենք մեր հաղթանակը»։

19:40

19:40-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված մեկ ժամը լրանալուց հետո Բագրատ սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց նրան։

18:40

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարական ներկայացնելու համար։

«Ես պատրաստ եմ այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ ձևի իշխանություն չունեք»,- Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց նա։

«Այս կառավարությունը՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ, ձախողել է երկրի կառավարումը։ Քանդել են ամբողջ անվտանգային համակարգը, եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, հարված են հասցրել մեր ինքնության կարևոր հիմնասյուներին, չկա այսօր Արցախ աշխարհը, ՀՀ սահմանները նայեք, քանի՞ քառակուսի կիլոմետր է նվաճված թշնամու կողմից։ Եվ այս ամենի խորապատկերի վրա, կարծում եմ սխալված չեմ լինի՝ Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ շարժման մասնակիցները դեմ չեն խաղաղությանը, սահմանազատմանը, բայց անընդունելի են միակողմանի զիջումները․ «Մե՛նք չենք պատերազմի հրձիգները, պատերազմը հրահրողն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք»։

«Մենք եկել ենք մի պահանջով, եկել էինք պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, ստել, մոլորեցրել և հետո այդ բոլորի վրա ահաբեկել և սպառնացել ժողովրդին․․․ պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու դադարացնելու այս միակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակաօրինական գործընթացը։ Մենք եկել ենք լայն հասարակական հաշտության մտքով։ Մենք հաշտության օրակարգ ունենք և դա պետք է իրականություն դարձնենք»,- հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդը։

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։

Մեկնաբանել