Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Տավուշի մարզից մեկնարկած բողոքի ցույցերի առաջնորդները՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, հայտնվել են ֆեյսբուքյան մի շարք էջերի թիրախում, որոնք կեղծ լուրեր և դավադրապաշտական թեզեր են տարածում նրանց մասին։

Այս էջերից որոշներն ակտիվ էին 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններից առաջ և նույնատիպ տեղեկություններ էին տարածում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հիմնական մրցակից, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը օրեր առաջ գրել էր իշխանական լրատվամիջոցների՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ տարածած կեղծ լուրերի և մանիպուլյացիաների վերաբերյալ։ Փաստացի, բացի լրատվամիջոցներից, գործի են դրվել ֆեյսբուքյան էջեր՝ իշխանության թեզերը տարածելու համար։

Այսպես, Armenian News ֆեյսբուքյան էջը վերջին օրերին ակտիվ հակաքարոզչություն է իրականացնում Բագրատ սրբազանի դեմ՝ պնդելով, թե «նրա հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է և Կրեմլը»։

Այս էջը ակտիվ է եղել նաև Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ Էջը նույն մեթոդաբանությունն էր օգտագործում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ թիրախավորելով «Ազգային առաջընթաց» և «Ապրելու երկիր» կուսակցությունների քաղաքապետի թեկնածուներ Հայկ Մարությանին ու Մանե Թանդիլյանին։ Տարածվում էին տեսանյութեր ու նկարներ, թե իբր նրանք «Հայաստանում իշխանազավթման ռուսական պլանի» մաս են։

Armenian News էջը ստեղծվել է 2021-ի հունիսի 8-ին՝ Tests անվամբ։ 2023-ի սեպտեմբերի 2-ին անվանափոխվել է Armenian News։ Ներկայում ունի երկու ադմին։ Այս էջում մինչև սեպտեմբերի 2-ը գրառումներ չէին կատարվել, սեպտեմբերի 2-ից (Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 17-ին էին) արդեն սկսվել էր ակտիվ հակաքարոզչություն Մարությանի և մյուս թեկնածուների դեմ։

2023-ի սեպտեմբերի 29-ից հետո էջն անցավ պասիվ ռեժիմի․ գրառումներ չէին կատարվում։ Եվ ահա մայիսի 7-ին երկար լռությունից հետո էջը կրկին ակտիվացել է՝ այս անգամ «Կրեմլի նոր պլանի» մաս է ներկայացնելով Բագրատ սրբազանին։

Ուշագրավ է, որ թեև էջը հավանածների (304 Like) և հետևորդների (641 follower) թիվը փոքր է, սակայն գրառումներն ունեն հազարավոր հավանումներ, մեկնաբանություններ և տարածում։

Պատճառը՝ էջը օգտվում է վճարովի գովազդի ծառայությունից։ Վերջին երկու օրում տեղադրված երեք գրառումների վրա գովազդ է միացվել։ Միայն մեկ տեսանյութը ֆեյսբուքում և ինստագրամում գովազդելու համար էջը ծախսել է 500-599 դոլար։ Երեք գրառման գովազդի վրա էջը վերջին երկու օրում ծախսել է մոտ 800 դոլար։ Թիրախային լսարանը ոչ միայն Ֆեյսբուքի, այլև Իինստագրամի օգտատերերն են։

Մեկ այլ հարթակ, որը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թիրախավորում էր ՔՊ մրցակիցներին և ներկայում էլ հակաքարոզչություն է իրականացնում Հայ առաքելական եկեղեցու և Բագրատ սրբազանի դեմ, «Ճիշտը» էջն է։

Այս էջն նույնպես Երևանի ավագանու ընտրություններից հետո որևէ գրառում չէր արել և կրկին ակտիվացվել է Տավուշում ցույցերի մեկնարկից հետո՝ ապրիլի 27-ին։ Էջը ևս Հայաստանում սկսված ցույցերը կապում է Կրեմլի հետ։

Ի տարբերություն նախորդ էջի՝ «Ճիշտը» գրառումների վրա գովազդ չի միացրել։ Այս էջի հետևորդների քանակն ավելի մեծ է՝ 27 000 հավանում և 30 000 հետևորդ։

«Ճիշտը» պատկանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Վիլեն Գայֆեջյանին, որը «SOSTV»-ի հաղորդավարն էր։

New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ էջն էլ ապրիլի վերջից ակտիվ թիրախավորում է Բագրատ սրբազանին և բողոքի ցույցի առաջնորդներին։

Այս էջը, ի տարբերություն նախորդների, նոր չէ ակտիվացվել։ Էջը ստեղծվել է 2019-ին և մշտապես ակտիվ է։ Ավելի վաղ արված գրառումներն առավել չեզոք էին, որոնք տարբեր լրատվամիջոցներից լուրեր, հետաքրքիր փաստեր, սպորտային նորություններ և այլ տեղեկություններ էին վերատպում։ Սակայն վերջին երկու տարում գրառումներն ակնհայտ իշխանամետ են և թիրախավորում են իշխանության քննադատներին, այդ թվում՝ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին, «Ազգային ժողովրդավարական բևեռին», Հայկ Մարությանին, իսկ այժմ արդեն՝ Բագրատ սրզազանին։

Էջն ունի 49 000 հավանում և 50 000 հետևորդ։ Մայիսի 8-ին էջն ակտիվացրել է վճարովի գովազդ Բագրատ սրբազանին և Ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորող երկու գրառման վրա։ Գովազդները միացվել են ինչպես Ֆեյսբուքում, այնպես էլ Ինստագրամում տարածելու համար։ Գովազդները դեռ ակտիվ են, և պարզ չէ, թե որքան գումար է ծախսվել։ Ի դեպ, էջը երկար ամիսներ Ֆեյսբուքի գովազդի ծառայութունից չէր օգտվել։

ՔՊ-ի հետ փոխկապակցված C news էջը ապրիլի 20-ից հետո հարյուրավոր դոլարներ է ծախսել Տավուշում մեկնարկած ցույցերի վերաբերյալ դավադրապաշտական թեզեր, հակաքարոզչություն իրականացնող իր գրառումները տարածելու համար։

Էջը տասնյակ գրառումներ է արել մասնավորապես Բագրատ Սրբազանի վերաբերյալ։ Ինչպես մյուս էջերի դպքում, հիմնական թեզն այն է, թե Սրբազանի հետևում Կրեմլն է։

C news էջը ստեղծվել է 2023-ի փետրվարին։ Այս էջը ևս հատկապես աչքի ընկավ Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ թիրախավորելով ՔՊ մրցակից թեկնածուներին։ ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Fip.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ C News-ը համակարգվում է իրենց կուսակցության կողմից։

C news-ն ունի ընդամենը 159 հավանում և 332 հետևորդ, սակայն որոշ գրառումներ ունեն հազարավոր հավանումներ և տարածում։ Պատճառը կրկին կիրառված վճարովի գովազդն է։ Ապրիլի 20-ից ի վեր ՔՊ-ն C news էջի միջոցով Տավուշում մեկնարկած ցույցերն ու Բագրատ sրբազանին թիրախավորող 15 գրառման վրա միացրել է վճարովի գովազդ՝ ծախսելով ավելի քան 1500 դոլար։

Ի դեպ, էջի թափանցիկության բաժնում առկա է տեղեկատվություն գովազդատուի վերաբերյալ, ըստ որի՝ այն civic.am կայքն է, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հասցեի դաշտում էլ ՔՊ կենտրոնական գրասենյակի հասցեն է։

Armenian Zone/Հայկական Տիրույթ, Hay news, ARM FB News, «Աշխարհի հայեր», «News zone/Լուրեր Հայաստանից և արտերկրից» ֆեյսբուքյան էջերը ևս վերջին օրերին աչքի են ընկնում տարածելով Բագրատ սրբազանի և Տավուշում մեկնարկած ցույցերի դեմ թեզեր։

Այս էջերն ավելի քիչ են օգտվել Ֆեյսբուքի գովազդի ծառայությունից, սակայն դրանց մեծ մասն ունի մեծ թվով հետևորդներ և հավանողներ։

Armenian Zone/Հայկական Տիրույթ էջը մայիսի 9-ին Բագրատ սրբազանին թիրախավորող երկու գրառման վրա ակտիվացրել է ֆեյսբուքյան վճարովի գովազդ։ Քանի որ գովազդները դեռ ակտիվ են, հնարավոր չէ հասկանալ որքան է ծախսվել դրանց վրա։ Թիրախում ինչպես Ֆեյսբուքի, այնպես էլ Ինստագրամի օգտատերերն են։

Armenian Zone/Հայկական Տիրույթ էջն ունի 28 000-ական հավանում ու հետևորդ։ էջը ստեղծվել է 2020-ի հուլիսի 27-ին՝ տարբեր ժամանակներում թիրախավորելով ներկայիս իշխանության դեմ հանդես եկող գործիչների և ուժերի։

«Աշխարհի հայեր» ֆեյսբուքյան էջն ունի 48 000 հավանում և 51 000 հետևորդ։ Այն վերջին օրերին շուրջ մեկ տասնյակ գրառում է արել վերոնշյալ թեզերով՝ օգտագործելով տարատեսակ պատկերներ։

Այն ստեղծվել է 2019-ի փետրվարին։ Այս էջի ավելի վաղ արված գրառումների ուսումնասիրությունից ևս պարզ է դառնում, որ այն ի սկզբանե հանդես էր գալիս իշխանամետ գրառումներով՝ տարբեր ժամանակներում թիրախավորելով ներկայիս իշխանության քննադատներին։ Մայիսի 9-ին այս էջը ևս Բագրատ սրբազանին և ցույցի մասնակիցներին թիրախավորող երկու գրառումերի վրա ֆեյսբուքյան գովազդ է միացրել։

Մեկ այլ՝ Hay news էջն աչքի է ընկնում ընթացող ցույցերի դեմ ակտիվ հակաքարոզչությամբ։

Այս էջը ստեղծվել է 2018-ի փետրվարին՝ «Անեկդօտներ և Աֆորիզմներ» անվամբ, իսկ 2020-ի հուլիսին անվանափոխվել է՝ Hay news: Հավանաբար, էջն ի սկզբանե ժամանցային բովանդակությամբ հավաքել է մեծ թվով հետևորդներ, այնուհետև վաճառվել է։ 2020-ի հուլիսից առաջ արված գրառումները պահպանված չեն։ Իսկ այդ ժամանակից սկսած էջը թիրախավորել է իշխանությանը քննադատող տարբեր գործիչների։ Այն ներկայում ունի 39 000 հավանում և 56 000 հետևորդ։

ARM FB News անվամբ էջը վերոնշյալ էջերի նման է աշխատում։ Այն իշխանամետ է, վերջին օրերին Տավուշի շարժման դեմ հակաքարոզչություն է իրականացնում՝ նույն թեզերը տարածելով, թե շարժման հետևում կանգնած է Ռուսաստանը։

Էջը ստեղծվել է 2019-ի մայիսին։ Ստեղծման պահից ակտիվ է եղել՝ տարածելով իշխանական լրատվամիջոցների, իշխանության տարբեր ներկայացուցիչների գրառումներն ու ելույթները, թիրախավերելով նրանց ընդդիմադիրներին։ Ներկայում ունի 22 000 հավանում ու 38 000 հետևորդ։

Ուշագրավ է, որ Armenian Zone/Հայկական Տիրույթ, Hay news, «Աշխարհի հայեր», New Armenia Blog/Նոր Հայաստան Բլոգ էջերի վարքագիծը նույնն է, գրառումներն էլ գրեթե նույնաբովանդակ են։ Կարելի է ենթադրել, որ դրանք կառավարվում են մեկ կենտրոնից։ Թեև տեքստերը, նկարներն ու տեսանյութերը նույնը չեն, սակայն նույնն են տարածվող թեզերն ու թիրախավորվող գործիչները։

Վերջին օրերին տարածվող թեզերը նույնն են, սակայն տարբեր փաթեթավորմամբ։

Ավելին, մենք արձանագրել են, որ որոշ գրառումներ այս էջերում բառացի կրկնվում են։ Ի դեպ, Hay news-ի էջում ներքոնշյալ կոչի վրա վճարովի գովազդ է տեղադրվել։ Ծախսված գումարի չափը հայտնի չէ։

Մի շարք էջերի դեպքում, որոնք ևս այս օրերին հստակ հակաքարոզչություն են իրականացնում և տարածում են հստակ թեզեր, ակնհայտ տեսանելի է միևնույն կենտրոնից համակարգումը։ Այսպես, «Ա Ր Մ Ե Ն Ի Ա», «Զարմանալի աշխարհ», ArmeniaNews էջերում րոպեների տարբերությամբ տեղադրվում են նույն գրառումները։ Դրանք մեծամասամբ ի սկզբանե հրապարակվում են ֆեյսբուքյան Medianews էջում։

Medianews էջը բավական ակտիվ է, այն ունի 206 000 հավանում և 208 000 հետևորդ։ Էջի գրառումների բովանդակությունը նույնական է Medianews.site կայքում հրապարակված «լուրերի հետ»։ Medianews.site-ը փոխկապակցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տղեկակալ Տարոն Չախոյանի հետ, որը ևս ակտիվ հակաքարոզչություն է իրականացնում Բագրատ սրբազանի և տավուշյան ցույցերի դեմ։ Վերջինս մինչ ներկայիս պաշտոնը զբաղեցնելը բլոգեր էր։ Հավանաբար Չախոնյանն իր «աճեցրած» ֆեյսբուքյան էջերը ևս օգտագործում է կառավարության ընդդիմադիրներին թիրախավորելու համար։

«Ա Ր Մ Ե Ն Ի Ա» էջն ունի 58 000 հավանում և 61 000 հետևորդ։ Այն ստեղծվել է 2018-ի նոյեմբերին։ Էջի կառավարողները տասն են՝ Հայաստանից։

«Զարմանալի աշխարհ» էջը ստեղծվել է 2020-ի մայիսին։ Էջը կառավարողները երեքն են՝ երկուսը Հայաստանում, մեկը՝ Ռուսաստանում։ Էջի հավանումների թիվը 13 000 է, հետևորդներինը՝ 30 000։

ArmeniaNews էջն ավելի հին է. ստեղծվել է 2016-ին։ Այն ունի 159 000 հավանում և 161 000 հետևորդ։ Հատկանշական է, որ մինչև վերջերս գործում էր armeninews.net կայքը, որը ինչպես պարզել էր Infocom-ը, գրանցված էր Տարոնի Չախոյանի բնակության վայրում։ Armeninews.net-ը ներկայում չի գործում, սակայն փաստացի ֆեյսբուքյան այդ էջը ակտիվ օգտագործվում է իշխանության հակառակարորդներին թիրախավորելու համար։

Այսպիսով, շուրջ երկու տասնյակ ֆեյսբուքյան էջերի միջոցով հազարավոր դոլարներ են ծախսվում Բագրատ սրբազանի և տավուշյան շարժման դեմ դավադրապաշտական և թիրախավորող բովանդակություն տարածելու համար։ Այս էջերը հստակ իշխանամետ են, տարածվող նույնական թեզերն ու վարքագիծը կարող են վկայել, որ դրանք կառավարվում են մեկ կենտրոնից։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր։

Մեկնաբանել