«Չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն և չինքնիշխանություն»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» «չակնկալիքների շարժումը» տանում է դեպի «չպետություն և չինքնիշխանություն»։

«Մարդիկ, ովքեր ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, այդ չակնկալիքների շարժումն ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական Հայաստանի և պատմական Հայաստանի տարբերությունը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Սանասարի մասին և դրանով կորցնեն իրական Կապանը»,- մայիսի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այսօր ընտրությունն իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև է․ «Իրական Հայաստանն ապագայի մասին է»,- հայտարարել է նա։

«Եթե որևէ մեկն ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր չէ, ճանապարհ են բացում, որպեսզի ասեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը, ասենք, 300 հազար քկմ է։ Բայց նրանք չեն ըմբռնում կամ, եթե ըմբռնում են՝ ավելի վատ, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ ՀՀ ինքնիշխան տարածքը 23 քկմ է։ Այստեղ բանավեճը ոչ թե քառակուսի կիլոմետրերի, այլ ՀՀ ինքնիշխան պետություն գոյության մասին է։ Երբ դու պետություն ես առանց կոնկրետ տարածքի, դու չես կարողանում նույնականացնել քո տարածքը, ինչ-որ առումով դու ընկնում ես չպետության դաշտ»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018-ից անընդհատ խոսում է Պապ թագավորի մասին, սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ․ «Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ սա, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց ու ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն։ Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի և այդ երազանքն իրագործվել է և այլևս այդ երազանքը որևէ մեկը չի կարող սպանել, սա է մեր քաղաքական առաքելությունը»։

***

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ցույցեր էր իրականացնում ընդդեմ սահմանազատման ներկա գործընթացի։ Մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Շարժման ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ սա «չանկնալիքների շարժում է»․ «Ոչ մի ակնկալիք չկա, միայն և միայն հայրենիք և պատիվ ստանալու»,- հայտարարել է սրբազանը։

Մեկնաբանել