Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ

Ապրիլի 20-ից Տավուշի մարզում և բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և այլ դեպքերին։

«Հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 7 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1–ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 2 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում և հանձնարարվել է նրանց ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,- ասված է հաղորդագրությունում։

Ապրիլին Տավուշի հատվածում մեկնարկած հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով՝ ոչ միայն տեղում, այլև Երևանում և այլ մարզերում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը, կոչ էր արել այդ նպատակին հասնելու համար անհնազանդության գործողություններ իրականացնել։

Մեկնաբանել