Տավուշի շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։

«Մեկ ամիս հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը Բագրատ սրբազանն է»,- մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին հայտարարեց Գուրգեն Մելիքյանը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը։

«Վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ այս երեսնամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,- հայտնեց նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցները, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գնում են դեպի կառավարական ամառանոց․ «Այս հրապարակից ես գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպելու քեզ»,- հայտարարեց շարժման առաջնորդը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչ վերաբերում է երկքաղաքացիություն ունենալու խնդրին, Բագրատ սրբազանը նշեց․ «Մենք գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով։ Թույլ չենք տալու, որ տևապես սահմանադրությունը խախտած մեր երկրի ղեկավարը, հանկարծ ինքն իրեն դրսևորի որպես սահմանադրության պաշտպան և մենք էլ դառնանք սահմանադրությանն ընդդեմ գործողներ։ Երբեք թույլ չենք տա դա իրականանալու»։

Բագրատ սրբազանն ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Կանադայի։ ՀՀ սահմանադրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանի խոսքով՝ պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության, ունակների կառավարություն՝ հստակ ունենալով օրակարգային երեք ուղղություններ․

– ներքին հաշտության՝ հիմնված արդարության և արդարադատության վրա՝ մեր կյանքի ապաքինմամբ և զարգացմամբ պայմանավորված,

-արտաքին հարաբերություններում առանց հակա-ների քաղաքականությամբ, իրավիճակի՝ ներկայիս վիճակով սառեցմամբ, որը չափազանց դժվար է, որովհետև այս պահին տեղեկատվության անսահմանափակ պակաս գոյություն ունի․ ամեն գնով սառեցնել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք,

– օրինակելի օրակարգի զարգացմամբ՝ այս իրավիճակից բխած՝ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը և ձգտելով խաղաղության՝ իրական, կայուն, արժանապատիվ և երկար ժամկետներով՝ ուժի սպառնալիքի վերացմամբ, մարդասիրական խնդիրների կարգավորմամբ, մեր գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված, հարկադրանքի որևէ կիրառման դադարեցմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական՝ խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղությանը միտված բանակցություններով՝ ներառյալ արցախցիների անվտանգ վերադարձի, անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրները։

Մեկնաբանել