21-րդ դարը ազգերի կոալիցիաների դարաշրջան է

2012թ. սեպտեմբերի 23-ին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) վարչության հրավերով Հյուսիսհռենոսյան Վեսթֆալիայի Էսսեն քաղաքում տեղի է ունեցել հայ-ասորի-քրդական 3 կենտրոնական մարմինների ղեկավարների հանդիպում, որի շրջանակում քննարկվել է երկու հրատապ հարց.

1. Ըստ ստացված տեղեկության` Գերմանիայի Մանհայմ քաղաքի թաղամասերից մեկը պետք է անվանակոչվեր Թուրքական թաղամաս:

2. Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Գերմանիայի բունդեսթագում քննարկման ներկայացված քրդական ինքնության ճանաչման հարցում հայերի և ասորիների աջակցության ապահովումը:

Առաջին հարցի վերաբերյալ ԳԿԽ-ի վարչության առաջարկով որոշվել է, որ հայկական կողմը դիմի Մանհայմի քաղաքապետին` արտահայտելու հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների բողոքը ընդդեմ թուրքական նախաձեռնության: Կարճ ժամանակ անց քաղաքապետը պատասխան նամակով հայտնել է, որ հարցը Մանհայմում այլևս փակված է:

Երկրորդ հարցի վերաբերյալ ԳԿԽ-ի ատենապետը հայտնել է քուրդ գործընկերոջը, որ, չնայած բունդեսթագին ներկայացրած քրդական հայցի տակ չեն ստորագրի, բայց առանձին նամակով կարտահայտեն իրենց աջակցությունը և որպես դիտորդ ինքն անձամբ կմասնակցի բունդեսթագի քննարկման գործընթացին: Գերմանահայերի աջակցական նամակին հաջորդել է հոկտեմբերի 15-ին բունդեսթագում քրդական էթնոսի ինքնության ճանաչման հարցի քննարկմանը Գերմանիայից և աշխարհի տարբեր երկրներից Ժամանած 70-ից ավելի քուրդ ներկայացուցիչների հետ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը մասնակցությունը:

ԳԿԽ-ի ատենապետն ընդգծում է. «ԳԿԽ-ն Գերմանիայում վարում է նոր քաղաքականություն, որն է հաստատել ինտենսիվ համագործակցություն Գերմանիայում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների կենտրոնական մարմինների, ինչպես նաև տեղական կառույցների հետ: ԳԿԽ-ն իր ավելի քան քառասունամյա պատմության մեջ ունեցել է տարբեր ազգային փոքրամասնությունների միությունների հետ համագործակցության առիթներ, բայց երկարաժամկետ ծրագրով, այս մասշտաբով և ինտենսիվությամբ նոր երևույթ է, որն ի շնորհիվ Գերմանիայում տարբեր ազգային փոքրամասնությունների հետ աշխատելու ծրագրի է: Համագործակցության շեշտն առաջին հերթին դնում ենք Արևմտյան Հայաստանի, ապա Փոքր Ասիայի և նրա հարակից երկրների տարածքներում ապրող բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ աշխատելու վրա: Այս ժողովուրդների շարքում որպես առաջին դաշնակից ԳԿԽ-ի համար հանդես են գալիս ասորիները` բոլոր իրենց ազգային դրսևորումներով (ասորիներ, արամեացիներ, սուրյանիներ, քաղդեացիներ), ապա հույները (առանձնակիորեն Պոնտոսի և Կիպրոսի հույները), եզդիները, դերսիմցիները, քրդերը, ալեվիական մի շարք միությունները, ղպտիները: Հետագայում այս համագործակցության դաշտի հավանական գործընկերները ԳԿԽ-ի համար կարող են դառնալ բուլղարները, սերբերը, արաբական միությունները, պարսկական կազմակերպությունները, ռուսները, հրեաները, բալթյան ժողովուրդները և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ըստ մշակված ծրագրի` համագործակցությունը պետք է ընդգրկի քաղաքական աշխատանքի դաշտը, ինչպես նաև գիտամշակութային և երիտասարդական բնագավառները, հետագայում նաև ֆինանսատնտեսական ոլորտները»:

Ծրագիրն ունի և´ երկկողմանի, և´ բազմակողմանի ուղվածություն, և քանի որ մյուս ազգերի մոտ նույնպես առկա է համագործակցության ոգին, համատեղ աշխատանքի պտուղները իրենց երկար սպասեցնել չտվեցին, և արդեն իսկ գրանցվել են մի շարք ձեռքբերումներ:

Երկկողմանի համագործակցության դրսևորումներ

Դեռևս 2011թ. հունիսին Դեթմոլդ քաղաքում ԳԿԽ-ի «Երիտասարդ հայեր» ենթակառույցի ավանդական հավաքույթին հրավիրված Գյութերսլո և Փադերբորն քաղաքների ասորական երիտասարդական միությանների ներկայացուցիչները երկժամյա հանդիպման ընթացքում ներկայացրել են Գերմանիայում իրենց երիտասարդական շարժումը, ինչպես նաև օտարության մեջ ասորական ազգապահպանման աշխատանքի առանձնահատկությունները: Հանդիպումը չափազանց կարևոր էր փորձի փոխանակման և հայ-ասորական հետագա համագործակցության համար: Այն վարում էր լրագրող և զանվածային հաղորդակցության մագիստրոս Հասմիկ Եպիսկոպոսյանը (Համբուրգի համալսարան):

Երկկողմանի ծրագրի շրջանակում հատկանշական է ասորական «Սուրոյո» հեռուստաալիքի կողմից 2012թ. ապրիլի 21-ին կազմակերպած հեռուստահաղորդումը: Հեռուստաալիքի հրավերով ԳԿԽ-ի ատենապետ Ազատ Օրդուխանյանը մեկնել է Շվեդիա: Հեռուստահաղորդմանը մասնակից էին Դերսիմցիների Համայնքների Եվրոպական Դաշնության փոխնախագահ Ահմեդ Ջանփոլադը, իսկ Քյոլնի շրջանի Պոնտոսի Հույների Միության նախագահ Դիմիտրոս Կոստանիդիսը մասնակցել է ուղիղ հեռախոսակապով: Հաղորդումը վարում էր ասորի հայտնի քաղաքական գործիչ Իբրահիմ Սևենը: Երկժամյա հեռուստահաղորդման ընթացքում քննարկվել են ժամանակակից Թուրքիայի տարածքում հայերի և հայկական հարցի խնդիրը, ասորիների, հույների և դերսիմցիների խնդիրները, ինչպես նաև թուրք պետության վարած քաղաքականությունը այս 4 ազգերի ժամանակակից և պատմական խնդիրների նկատմամբ: Այցելության շրջանակում վարվել են բանակցություններ Շվեդիա ժամանած Եվրոպայում գործող ասորական տարբեր կառույցների հետ և ձեռք բերվել համաձայնություններ Եվրոպայում հետագա աշխատանքային համագործակցության ու դրանց համակարգման համար:

Նույն օրերին զուգահեռաբար Ասորական Միությունների Գերմանիայի և Եվրոպական Մասնաճյուղերի Կենտրոնական Կազմակերպութունը Գյութերսլո քաղաքի Ասորական Մեսոպոտամական Միության դահլիճում կազմակերպել էր ասորի, հայ և հույն ժողովուրդների ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի երեկո, որին հրավիրված էր Լեհաստանի Պոզնան քաղաքի համալսարանի պրոֆոսոր Միխայել Աբդալահը և Հոլանդիայի ասորական ցեղասպանության ուսումնասիրությունների Սեյֆո կենտրոնի ներկայացուցիչ դոկտոր Մաթան Արսան: Հրավիրված էր նաև ԳԿԽ-ի վարչությունը, որը ներկայացրել են ԳԿԽ-ի վարչության երիտասարդական հարցերի պատասխանատու դոկտոր Ասպետ Անթապյանը և ԳԿԽ-ի ատենադպրուհի Սոնա Հակոբյանը: Վերջինս իր ելույթում ևս մեկ անգամ դատապարտեց թուրք պետության ցեղասպան անցյալն ու անփառունակ ներկան և կրկին շեշտեց 2 ժողովուրդների արդար դատի հետապնդման աշխատանքում սկսված համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Իսկ հունիսի երեսունին հրատարակվել է ԳԿԽ-ի և Ասորական Միությունների Գերմանիայի և Եվրոպական Մասնաճյուղերի Կենտրոնական Կազմակերպության համատեղ հռչակագիրը երկու ժողովուրդների քաղաքական, գիտական, մշակութային, երիտասարդական աշխատանքների համադրման և համագործակցության ուղությամբ: Այն տեսականորեն ամրագրել է հայ-ասորական համագործակցությունը Գերմանիայում: Հռչակագիրը մշակվել է երկու մարմինների վարչությունների, ինչպես նաև ասորական «Սեյֆո» (ցեղասպանություն) գիտական կենտրոնի և այլ ասորական կազմակերպությունների համատեղ նիստում Գերմանիայի Գյութերսլո քաղաքի ասորական կենտրոնում:

Հայ-ասորական համագործակցությանը զուգահեռ Գերմանիայում հետաքրքիր զարգացում են ապրում նաև հայ-քրդական հարաբերությունները: Բացի նրանից, որ 2012թ. մարտի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի գերմանական շքանշանով պարգևատրման դեմ հայ-ասորական համատեղ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներն իրենց ակցիան ավարտելուց հետո միացել են քրդերի ցույցին, ակնառու է նաև այն փաստը, որ Եվրոպայում գործող երկու հզոր քրդական կենտրոններ, որոնք առանձին-առանձին միավորում են քրդական հարյուրավոր միություններ և հարյուր հազարավոր անհատներ, առաջին անգամ ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով` դրսևորելով հայ ժողովրդի պայքարի նկատմամբ իրենց համերաշխությունը, դատապարտելով թուրքական պետության կողմից գործած ցեղասպանությունը և կոչ անելով Գերմանիայում բնակվող իրենց հարյուր հազարավոր բնակչությանը աջակցել և մասնակցել Գերմանիայում հայկական կառույցների կազմակերպած ապրիլքսանչորսյան ծրագրերին: Գերմանիայում քրդական ամենամեծ կազմակերպությունը` Գերմանիայի Քրդական Միությունների Դաշնությունը (ՅԵԿ-ԿՕՄ) իր հայտարարությունը տարածեց 2012թ. ապրիլի 16-ին, որին ապրիլի 23-ին հաջորդեց Եվրոպայում Քրդստանի Միությունների Դաշնության (ԿՕՄ-ԿԱՐ) հայտարարությունը: Այնուհետև` մայիսի 5-ին, Դորտմունդ քաղաքում քրդական ՅԵԿ-ԿՕՄ կազմակերպության տարեկան համագումարում հրավերով հանդես է եկել ԳԿԽ-ի վարչության ատենադպրուհի Սոնա Հակոբյանը, ով բացի ողջունելուց քրդական կազմակերպությունների աննախադեպ համերաշխության հռչակագրերը, նաև վերահաստատել է Գերմանիայում հայերի կողմից հայ-քրդական հարաբերությունների զարգացման ցանկությունը: ԳԿԽ-ն քրդերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել տարեկան երկու անգամ Գերմանիայում կազմակերպել հայ-քրդական լայն քննարկումներ:

Յուրովի ընթացքի մեջ են մտել նաև հայ-եզդիական հարաբերությունները: 2011թ. ԳԿԽ-ն սկսել է ակտիվ աշխատանք Հյուսիսհռենոսյան Վեսթֆալիայի պառլամենտի կուսակցական ֆռակցիաների հետ և լուրջ աջակցություն գտել Ձախ կուսակցության պատգամավոր ազգությամբ եզդի Ալի Աթալանի կողմից: Պառլամենտական համագործակցությունը նույնիսկ հասցրել է նրան, որ 2012թ. ապրիլի 24-ի նախօրեին` ապրիլի 18-ին, Ալի Աթալանը հանդես է եկել գրավոր հռչակագրով` պահանջելով թուրքական և գերմանական կառավարություններից ընդունել հայոց ցեղասպանությունը և դատապարտեց ոճրագործ Թուրքիայի անցյալի և ներկայիս պետությանը:

Հատկանշական է, որ ազգային փոքրամասնությունների միջև սկսված այս սահուն համագործակցությունը նկատելի է դարձել արդեն թե´ գերմանական և թե´ միջազգային կազմակերպություններին: Այսպես օրինակ` 2012թ. մայիսի 10-ին Դյուսելդորֆում Մարդու Իրավունքների Միջազգային Կազմակերպության (ՄԻՄԿ) կողմից կազմակերպվում է մամլո ասուլիս, քննարկելու համար Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Մամլո ասուլիսին ելույթներով հանդես են եկել Գերմանիայի Եզդիների Կենտրոնական Խորհրդի փոխնախագահ Օսման Գյուդենը, Ասորական Դեմոկրատական Կազմակերպության ներկայացուցիչ Սաբրի Ալկանը, ԳԿԽ-ի ատենապետ Ազատ Օրդուխանյանը և Դիարբերքիրից հատուկ հրավիրված քուրդ քաղաքապետ Աբդոիլլահ Դեմիրբաշը: Մամլո ասուլիսը վարում էր ՄԻՄԿ-ի վարչության խոսնակ Մարտին Լեսսենտինը: Ասուլիսը վերջում հանդես եկավ «Մարդու իրավունքների պաշտպանները Եվրոպական Միության անդամակցության թեկնածու Թուրքիային վատ գնահատականներ են տալիս» հայտարարությամբ:

Միաժամանակ, ԳԿԽ-ի վարչությունը ձգտում է ավելի ընդլայնել հարաբերությունները Գերմանիայում գործող հունական համայնքների և կազմակերպությունների հետ: 2012թ. օգոստոսին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչի հայտարարությունը, որ Տրապիզոնի Սուրբ Սոֆիա թանգարանի վերածված հունական ուղղափառ եկեղեցին պետք է մզկիթ դարձնել, առաջ է բերել հույն պատրիարքի բողոքը: ԳԿԽ-ի վարչությունը չի ուշացրել իր համերաշխություն դրսևորումը և օգոստոսի 21-ին հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ. «Համերաշխություն Թուրքիայի քրիստոնիաների հետ. հայերը պահանջում են կրոնի ազատություն բոլորի համար: Գերմանիայի քրիստոնյա հայերը մտահոգ են Թուրքիայում ահագնացող իսլամացման գործընթացով»: ԳԿԽ-ի մամլո հաղորդագրությունը անմիջապես հրատարակվեց Շվեցարիայի Faktum magazin-ում, դանիական Europe news-ում, ամենահայտնի կաթոլիկական համացանցային էջում` ավստրիական Kathweb-ում, ինչպես նաև ֆրանսիական, գերմանական և այլ երկրների տպագիր և էլեկտրոնային թերթերում, իսկ Վատիկանի ռադիոն հիմք ընդունելով այս հաղորդակցությունը անգամ առանձին ռադիոհաղորդում պատրաստեց (Radio Vatikan, 24.08.2012): Այսպիսով, քրիստոնյա Եվրոպան բուռն արձագանք է ցուցաբերել գերմանահայերի պահանջին:

Առանձնակի բնույթ ունեն հայ-ղպտիական կապերը Գերմանիայում: Ղպտի հոգևորականները և մտավորականները, ընդունելով գերմանահայերի ապրիլքսանչորսյան կոմիտեի հրավերը, իրենց ներկայությամբ մշտապես աջակցում են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոներին: Փաստ է, որ ղպտիները լայն արձագանք են ցուցաբերում ԳԿԽ-ի մամլո հաղորդագրություններին և Գերմանիայի բարձրաստիճան այրերին ուղված բաց նամակներին, տեղադրում դրանք իրենց կայք էջերում և տալիս դրանց բազմակողմանի վերլուծություններ: Հայ-ղպտիական, քրիստոնեական եղբայրության դրսևորում է նաև 2012թ. մարտի 21-ի ԳԿԽ-ի ցավակցական հաղորդագրությունը ղպտի ժողովրդի հոգևոր առաջնորդի` պապ Անբա Շենուդա III Ալեքսանդրացու մահվան կապակցությամբ: ԳԿԽ-ի հաղորդագրությունը անարձագանք չի մնացել գերմանական քրիստոնեական լրատվամիջոցների կողմից (Evangelischer Pressedienst, 22.03.2012):

Թերևս, խոսելով Գերմանիայում ազգային փոքրամասնությունների միջհամայնքային համագործակցության մասին` արժե հիշատակել նաև բալթյան ժողովուրդների մամուլի կենտրոնական ձայնի` Baltische Rundshau թերթի գաղափարական աջակցությունը հայկական հարցին: Այս տարի թերթը նույնիսկ հրատարակել է 3 հոդված` ի պաշտպանություն ԳԿԽ-ի վարած քաղաքականության. 2 վերլուծականով պաշտպանել է ԳԿԽ-ի պահանջը Գերմանիայում Ֆրանսիայի օրինակով ցեղասպանության ժխտման դեմ օրենք ընդունելուն (Baltische Rundshau, 25.01.2012 և 31.01.2012), իսկ մարտի 21-ին առանձին հոդվածով իր աջակցությունն է հայտնել Ռ. Էրդողանի դեմ ԳԿԽ-ի և մյուս ազգային փոքրամասնությունների կազմակերպած ցույցին (Baltische Rundshau, 21.03.2012):

Բազմակողմանի համագործակցության դրսևորումներ

Ազգերի բազմակողմանի համագործակցության ամենամեծ և ցայսօր չգերազանցված փայլուն օրինակ է սույն թվականի մարտի 17-ին համատեղ ջանքերով Բոխում քաղաքի Stiger պարգևատրումից Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանին զրկելու փաստը: ԳԿԽ-ի վարչությանը հաջողվել է մշակել պարգևատրումից զրկելու ծրագիր, նախաձեռնել բողոքի լայնածավալ ակցիա, շատ արագ համագործակցության մեջ մտնել և կապեր հաստատել ազգային փոքրամասնությունների կենտրոնական մարմինների, գերմանական մամուլի և ամենատարբեր բնույթի կառույցների հետ:

Ազգային փոքրամասնությունների կառույցները չափազանց արդյունավետ համագործակցել են, և Բոխում քաղաքի պատմության մեջ գրանցվել է աննախադեպ բողոքի ցույց մոտ 30000 ցուցարարներով, որին մասնակցել են հայերը, ասորիները, քրդերը, եզդիները, ալեվիները, թուրք սոցիալ դեմոկրատները, գերմանացիները և այլ ազգերի ներկայացուցիչներ: Գործի հաջողությանը բավականին նպաստել են նաև Բոխումում և հարակից քաղաքներում ապրող Հայ Ակադեմիականների Միության անդամները: Գերմանական և համաշխարհային մամուլում հրատարակվել է ավելի քան հազար հոդված այս ակցիայի վերաբերյալ և ամենատարբեր հեռուստաալիքները Գերմանիայում, Հայաստանում, Թուրքիայում և այլուր անդրադարձել են այս երևույթին: Մամուլում հատկապես լուրջ արձագանք է գտել Հայ Ակադեմիականների Միության բաց նամակը ուղղված Բոխումի քաղաքապետ դոկտոր Օթթիլիե Շոլցին:

Այնուհետև` ապրիլի 30-ին, ԳԿԽ-ի վարչությունը` ի դեմս Սոնա Հակոբյանի, ով հանդես է եկել որպես նախաձեռնող և համադրող, բաց նամակի տեսքով պատրաստել է մի բողոքագիր թուրքական պետության կողմից Գերմանիա ուղարկած թուրք պրոֆեսոր Քեմալ Չիլեկի (թուրք պատմաբանների ընկերության նախագահ) դասախոսությունների և Գերմանիայում նրան աջակցող գերմանացի նախարարների և քաղաքական ու գիտական բարձր պաշտոնյաների դեմ: ԳԿԽ-ի վարչությանը հաջողվել է մի քանի օրվա ընթացքում հավաքել 34 կազմակերպությունների ստորագրություններ, որոնցից մոտ 30-ը կենտրոնական մարմիններ են և գործում են համագերմանական, իսկ որոշները` համաեվրոպական մասշտաբներով: Նախաձեռնությանը սերտորեն աջակցել են հայագետ դոկտոր Թեսսա Հոֆմանը (Բեռլին), գրող-հրապարակախոս, ԳԿԽ-ի մամուլի հարցերի խորհրդատու դոկտոր Յոխեն Մանգելսենը (Բրեմեն) և Գյութերսլո քաղաքի Ասորական Մեսոպոտամական Միության փաստաբան Կայա Մեյթապը: Բողոքագիր–բաց նամակն ուղարկվել է Գերմանիայի բունդեստագի նախագահությանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարար դոկտոր Հանս-Պետեր Ֆրիդրիխին, ինտեգրացիայի պետական նախարար պրոֆեսոր Մարիա Բյոհմերին, Հյուսիսհռենոսյան Վեստֆալիա երկրամասային կառավարությանը` ի դեմս աշխատանքային ինտեգրացիայի և սոցիալական հարցերի նախարար Գունթրամ Շնայդերին, Հեսսենի երկրամասի կառավարությանը` ի դեմս արդարադատության, ինտեգրացիայի և Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-ՈՒվե-Հահնին:

Գերմանիայում ազգերի միջև ԳԿԽ-ի ծրագրային համագործակցությունը հետաքրքիր դրսևորում է ստանում նաև կառույցային-կադրային հարթակի վրա: 2012թ. հունիսի 2-ին տեղի է ունեցել ԲԱԳԻՖ-ի տարեկան համագումարը, որտեղ ԲԱԳԻՖ-ի փոխնախագահ է ընտրվել ԳԿԽ-ի վարչության ատենադպրուհի Սոնա Հակոբյանը: ԲԱԳԻՖ-ը համագերմանական մակարդակով հանդիսանում է միակ կազմակերպությունը, որը միավորում է Գերմանիայում ապրող միգրատների ինը կենտրոնական կազմակերպություններ: Այս միությունը ներկայացնում է մինգրատների շահերը և ԳԴՀ իշխանություններին օգնում է մշակել մինգրանտների մասին օրինագծեր, ինչպես նաև միգրանտներին մասնակից է դարձնում Գերմանիայի սոցիալական և քաղաքական զարգացումներին: ԲԱԳԻՖ-ի անդամներ են Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Գերմանիայում Իսպանական Սոցիալական և Մշակութային Միությունների Դաշնությունը, Եվրոպայում Քրդստանի Միությունների Դաշնությունը (ԿՕՄ-ԿԱՐ), Գերմանիայում Հունական Համայնքների Դաշնությունը, Գերմանիայում Սերբերի Կենտրոնական Խորհուրդը, Ասորական Միությունների Գերմանիայի և Եվրոպական Մասնաճյուղերի Կենտրոնական Կազմակերպութունը, Գերմանիայում Քրդական Համայնքը, Գերմանիայում Պորտուգալական Միությունների Դաշնությունը և Գերմանիայում Վիետնամական Կանանց Միջմշակութային Նախաձեռնությունը:

Ըստ էության` սփյուռքի վերածված ազգերը ձգտում են միմյանց, ցանկանում են իրենց համար այլ ապագա ստեղծել` հենվելով իրենց անցյալի և ներկայի վրա, ի նկատի ունենալով պատմական ու ընթացիկ ընդհանրությունները, ինչպես նաև ապագայի նկատմամբ տածած հավատն ու սպասելիքները: Այսպիսով, ամփոփելով 2012-ի ընթացքում ԳԿԽ-ի «Ազգերի բարեկամություն և համագործակցություն» ծրագրի շրջանակում ծավալած գործունեությունը գալիս ենք այն եզրակացության, որ Գերմանիայում տարբեր ազգերի կողմից ցուցաբերած համագործակցության ոգին, ցանկությունն ու կարողությունը բավականին հասուն երևույթներ են և թե´ տեսականորեն, թե´ գործնականում գտնվում են բարձր մակարդակի վրա: Առկա են բոլոր այն նախապայմանները, որոնք հնարավորություն են տալու մոտ ապագայում ձևավորել հարևան ազգերի, ինչպես նաև Գերմանիայում սփյուռքյան կառույցներ ունեցող այլ ազգերի ներկայացուցիչների հետ համագործակցության նոր ձևաչափեր, որոնք նոր զարգացումներ կապրեն, կարտահայտվեն կյանքի տարբեր ոլորտներում` ամրապնդելով պատմական ճակատագրի բերումով և ներկայիս քաղաքականության թելադրանքով փոխադարձաբար միմյանց կարիքը զգացող ազգերի կապը:

Օֆելյա Սարգսյան

24.10. 2012թ. ք. Ֆլենսբուրգ, Գերմանիա

Մեկնաբանել