Մեծամորի ատոմակայանի հարցը` Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Օղանը պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը, հաղորդում է թուրքական Haberler.com կայքը:

Իգդիրից ընտրված ազգայնական պատգամավորը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ իրենք մեծ վտանգի առջև են, քանի որ գտնվում են ատոմակայանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա:

«Ատոմակայանի գործունեության հետևանքով ամեն օր Իգդիրում մարդ է մահանում, իսկ ինչի՞ է սպասում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, մի՞թե ատոմակայանի պայթելուն և մեծաթիվ զոհերին»,- ասել է թուրք պատգամավորը:

Նա բողոքել է մեջլիսին, թե իբր ռադիացիայի հետևանքով քաղցկեղը մեծ տարածում է գտել Իգդիրում, և բնակչության 90%-ն այս հիվանդության զոհն է դառնում: «Իգդիրում խմում են թունավորված ջուր, մի խոսքով ատոմակայանը գործող ռումբ է»,- ասել է նա:

Օղանը նաև հայտնել է, որ թեմայի շուրջ զրուցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ, որն ասել է, թե Հայաստանի գործող ատոմակայանը պետք է անպայման փակել: Նա պարբերաբար հանդես է գալիս Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով:

Նշենք, որ Թուրքիան դեռ ատոմակայան չունի:

Մեկնաբանել