Սիրիա․ քրդերը ճանապարհ են հարթում դեպի ինքնավարություն

Սիրիան արդեն 19 ամիս է քայքայող ճգնաժամի թեժ պահին քուրդ փոքրամասնությունը ճանապարհ է հարթում դեպի ինքնավարություն։ Մինչ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը կենտրոնացած է ռազմական գործողությունների վրա Հալեպում ու Դամասկոսում, երկրի հյուսիս-արևելքում ապրող քրդերը ստեղծում են ինքնավար անկլավներ։ Քրդական ոստիկանությունը՝ զինված Կալաշնիկով հրացաններով, սիրիա-իրաքյան սահմանի երկայնքով բլոկպոստեր է տեղակայել, հաղորդում է Euronews-ը։

Քրդերը պաշտպանում են իրենց քաղաքներն ու գյուղերը, իսկ քրդական քաղաքական կուսակցությունները հետևում են սննդամթերքի ու վառելիքի բաշխմանը։ Այսպիսի փոփոխությունները հետ «շուռ տալ», կարծում են վերլուծաբանները, դժվար թե հաջողվի։

«Խնդրի լուծում կլիներ մեզ ժողովրդավարական ինքնավարության տրամադրումը։ Սա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք անջատվել կամ հողեր խլել հարևան երկրներից։ Մենք պարզապես ցանկանում ենք, որ քրդերին տրվեն և երաշխավորվեն իրենց իրավունքները»,- ասում է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (որը սերտ կապեր ունի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ) ներկայացուցիչ Մուհամադ Սայիդը։

Դերեք քաղաքում՝ Ալ Հասաքա նահանգում, քրդերը կազմակերպել են ոստիկանական բաժանմունքներ, բացել են մշակութային կենտրոններ ու դպրոցներ։ Դրանցից մեկում տարբեր տարիքի քրդեր սովորում են գրել և կարդալ մայրենի լեզվով, ինչը երկար ժամանակ արգելված էր։ Պատերազմը «եռում» է, իսկ քրդերն արդեն վերահսկողություն են սահմանել մի շարք քաղաքների նկատմամբ՝ Կոբանե (Այն ալ Արաբ), Ամուդա, Դերեք։