Անպտղությունը այսօր Հայաստանում լուրջ խնդիր է

Վերականգնողական բժշկության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ «Էրեբունի պլազայում» տեղի է ունեցել 9-րդ տարեկան կոնգրեսը՝ նվիրված անպտղությանը և դրա տարբեր ասպեկտներին: Ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ անպտղությունը այսօր Հայաստանում բավական լուրջ խնդիր է, անպտղությամբ տառապում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Կոնգրեսին զեկուցելու համար հրավիրված էին մասնագետներ ոչ միայն  Հայաստանից, այլև Ռուսաստանից և ԱՄՆ-ից, որոնք իրենց զեկույցներում անդրադառնում էին անպտղությունը բուժելու միջոցներին և տեխնոլոգիաներին: Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում արդեն կիրառվում են ուրոլոգիական վիրահատական նոր տեխնոլոգիաներ, որոնցից մեկն էլ ամորձու բիոպսիա միկրովիրաբուժական եղանակով վիրահատությունն է: Միկրովիրաբուժական եղանակով կատարվող ամորձու բիոպսիան հնարավորություն է տալիս ներվիրահատական մանրադիտակի օգնությամբ տեսնել ամորձու պարունակությունը և առանձնացնել լեցուն խողովակիկները, ինչը հնարավոր չէ իրականացնել բիոպսիաների ստանդարտ եղանակներով: Տվյալ մեթոդը կիրառվում է որպես անպտղության այլընտրանքային բուժում` արտամարմնային բեղմնավորման համար սերմ ստանալու նպատակով: Ի դեպ՝ Հայաստանում առաջին անգամ նման վիրահատություն կատարվել է մոտ մեկ ամիս առաջ բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի կողմից: