Պատգամավորի 6 թեկնածուից նախընտրական հիմնադրամներ են բացել 5-ը. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 20.10.2012-13.11.2012 թթ. ժամանակահատվածի համար, հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 5-ը: Նախընտրական հիմնադրամ չի բացել թիվ 1 ընտրատարածքում գրանցված ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը:

Արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ սահմանվել է 2012թ. դեկտեմբերի 9-ին Երանոս համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Քանի որ Երանոս համայնքի արտահերթ ընտրությունների համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, հետևաբար յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն իրականացվել է այնպես, որ նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները միաժամանակ չզբաղեցնեն կառավարության կազմավորմանը մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները:

Մեկնաբանել