Այսօր ուսանողների միջազգային օրն է

Ուսանողների միջազգային օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է 1946 թ.-ից՝ նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ:

Թեպետ ուսանողության տոնը երիտասարդական եռանդի, ուրախության և սիրահարական խենթության խորհրդանիշ է, սակայն տոնի ակունքներում ողբերգական դեպքեր են:

1939թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում չեխ ուսանողներն ու նրանց դասախոսները փողոց են դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի Հանրապետության 21-ամյակը։

Ֆաշիստները ցրել են հանրահավաքը, բախումների ժամանակ սպանվել է բժշկական ֆակուլտետի մի ուսանողի՝ Յան Օպլետալը։ Այս դեպքին հաջորդած բողոքի ակցիաներն առավել վայրագ ու անարդար ելք են ունեցել. նոյեմբերի 17-ին ձերբակալվել է 1200 ուսանող ու ուղարկվել Զակսենխաուզեն համակենտրոնացման ճամբար։

Այսօր տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Սիրելի’ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում` որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում:

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Հմուտ և մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով:

Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Թե ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը տարիներ անց, պայմանավորված է նաև ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում»,- նշված է Ա.Աշոտյանի ուղերձում:

Մեկնաբանել