Կերպար և հերոս

Եթե աշխարհի մի կետում մարդասպանին կարող են հերոս ասել, վատ մի զգացեք, որ այդ բառը կարող է դառնալ բերանի ծամոն։ 
Հերոսները լինում են գրականության մեջ, այսինքն՝ հերոսը մտացածին կյանքը շարժման մեջ պահողն է, այլ խոսքով՝ իմաստավորողը։ 
Հերոսները դրսևորվում են պատերազմի դաշտում, այսինքն՝ անում են արարքներ, որոնք բխում են կյանքի արժևորումից։ Այս դեպքում՝ ուրիշի կյանքի։ Հերոսներ կարելի է տեսնել նաև սերիալներում։ Այստեղ կանգ ենք առնում։

Սերիալներում նույնպես ինչ-որ բաներ են տեղի ունենում։ Մեկը սիրում է, ուրիշը՝ սիրվում, մյուսը մտնում է դրանց արանքը։ Բոլորն էլ հերոսներ են, բայց ոչ այն իմաստով, որ իրենց խաղով իմաստավորում են կյանքը։ Նրանք ավելի շուտ կյանքն են վերցնում և մխտռում այն։ Բայց հերոսներ են, որովհետև այդպես է ընդունված։ Առավելևս, եթե կերպար չեն, ուրեմն հաստատ հերոս են։

Կերպարը հերոսի հետ մի ընդհանուր բան ունի, նա առանձնացվում է միլիոններից՝ ի ցույց դրվելու համար։ Այսինքն, ի տարբերություն ուրիշների, արժանի է, որ լինի թեմա։ Կերպարը հարստացվում է գեղագիտական լուծումներով կամ ինքն է թելադրում գեղագիտական լուծումներ։

Հերոսն այդպիսին չէ, հաճախ նա մեկ ակնթարթի արտահայտություն է, այսինքն՝ պահը բերանումդ չի ծամծմվում. ինքնաթիռը վթարվել է թշնամու հակաօդային պաշտպանության զինատեսակից և պետք է ընկնի կողմնակիցների բնակավայրի վրա։ Օդաչուն ամեն ինչ անում է, որ անկման ուղղությունը շեղի դեպի անմարդաբնակ մի տեղ։ Այսինքն՝ անլեզու և անուղեղ տեխնիկայի հետ, որի վրա արդեն իշխանություն չունի, կռիվ է տալիս և հաջողում։ Արդյունքում զոհվում է։ Բայց փրկվում են տասնյակ կյանքեր։ Եթե նրա արարքի մասին ոչ ոք չիմացավ՝ «ա՛ռը հա», թե կգնահատվի սխրանքը։ Օդաչուի արածն անկասկած հերոսություն է, բայց գնահատելու համար անհրաժեշտ են տեղեկություններ։ Հետևաբար՝ հերոսության թիկունքում տեղեկությունն է տեղի ունեցածի մասին։

Բայց թշնամու աչքով նայեք նրա արածին։ Արդյո՞ք տեղի ունեցածը հերոսություն է։ Ո՛չ։ Նրա աչքում հերոսություն է ինքնին ինքնաթիռը վնասելը։

Մեկ ուրիշը, ընդհակառակը, վթարված ինքնաթիռը շեղել է դեպի թշնամու թիկունք։ Նրա հետ զոհվում են տասնյակ թշնամիներ, ներառյալ՝ զինվորներ, սպաներ, ծերեր և երեխաներ։ Այս դեպքում արդեն հավելյալ տեղեկություններ էլ պետք չեն։ Գնահատականն առաջ է ընկնում ճշմարտությունից։ Օդաչուն ոչնչացրել է հակառակորդի, ենթադրենք, 15 շարքային զինվոր և 3 սպա։ Ծերերի և երեխաների մասին տեղեկություններն արդեն կտարածի թշնամական լրատվամիջոցը, որը մյուս կողմը կհերքի։

Այսպիսով՝ ո՞վ է հերոսը։

Երևանի փողոցներում գովազդային վահանակներ կան՝ մեր շախմատի օլիմպիական հավաքականի տղաների պատկերով։ Ներքևում գրված է. «Իրական հերոսներ»։ Ես մի քիչ դժվարությամբ եմ ընկալում այսպիսի ձևակերպումը։ Հերոսի վրա ներդրումներ չեն անում։ Հերոսն առանց խնդիրների չի լինում։ Հերոսը հետագայում նրանով պարծենալու համար չէ։

Այդ տղաները, անկասկած, արժանին են մատուցել այն հողին, որի ծնունդն են, արժանին են մատուցել մեզ, որոնց հարկերից էլ նրանց վրա ներդրում է արվել։ Մենք այդ տղաներին ենք հերոս ասում, ադրբեջանցին հերոս է ասում իր մարդասպանին։ Մինչդեռ հերոսը մարդ է՝ ի հեճուկս մենթալիտետի։ Շախմատը մեր մենթալիտետին դեմ չէ, սպանելը ադրբեջանցու մենթալիտետի մասնիկը չէ։ Հերոսը նա է, որից ձևավորվում է կերպարը։ Հերոսը մշակույթ է մտնում որպես կերպար, եթե, իհարկե, հենց մշակույթն էլ չի ստեղծել նրան։

Այնպես որ՝ իմ պատկերացրած հերոսն առավել առօրեական է՝ այն հայը, որը դեռ այս Հայաստանում է, և այն ադրբեջանցին, որն ատում է կացինը։ Եվ նրանց օտարությունը հակամետ է արյան ծարավին։