Ո՞վ է ներկայացնում քաղաքացիական հասարակությունը

Հանրային խորհրդի հանրային հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը ՀՀ նախագահին վերջերս ներկայացրել է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգը» վերնագրով փաստաթուղթ, որի նպատակն է քաղաքացիական հասարակության կառույցների ուժեղացումը Հայաստանում: ՍիվիլՆեթի հետ զրույցում այդ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ դա զարգացման և ոչ թե կայացման հայեցակարգ է:

— Պարոն Հովհաննիսյան, Դուք կայացա՞ծ եք համարում քաղաքացիական հասարակությունը:

— Այդ մոտեցումները նույնպես պետք է հստակեցնել: Եթե դիտարկել ինստիտուցիոնալ, կառուցվածքային տեսանկյունից, ապա՝ այո: Ի՞նչ ենք դրա տակ հասկանում: Մենք ունենք բավական հարմար օրենսդրական դաշտ, ոչ կատարյալ, անշուշտ, որովհետև կատարյալ ոչինչ չկա: Հայաստանում գործում են կառույցներ, որոնք գրանցված են, ունեն կանոնադրություն, նպատակներ, անցյալ, հեղինակություն, մարդկային և քիչ թե շատ նյութական ռեսուրսներ: Ընդհանրապես, ցանկացած հասարակական ինստիտուտ կառուցվածքային առումով կայացած է, եթե ունի հետևյալ երեք կարևոր բաղադրիչները՝ իրավական փաստաթղթեր և դաշտ, մարդկային ռեսուրսներ և ֆինանսական, նյութական կարողություններ:

— Այդ տեսանկյունից Հայաստանում կա՞ն նման կառույցներ:

— Այո՛, կարծես Ձեզ էլ համոզեցի դրանում: Սակայն եթե խոսքը ֆունկցիոնալ առումով կայացած լինելու մասին է, այսինքն՝ հանրության կարծիքների, դիրքորոշումների արտիկուլյացիայի, ինտեգրման, քաղաքական որոշումների մակարդակով դրանց ներկայացման, լոբբինգի մեխանիզմներին տիրապետելու և հանրային կարծիք ձևավորելու մասին, ապա այս առումով մենք դեռևս զարգացման երկար ճանապարհ ունենք:

— Կարծես այս տեսանկյունից էլ որոշ դրական դինամիկա է նկատվում, նույնիսկ առանց հայեցակարգի: Վերջին շրջանում քաղաքացիական կառույցները բավական նախաձեռնող են դարձել. գործունեության դաշտ են ստեղծում և ներկայացնում հասարակության շահերը:

— Համաձայն եմ Ձեզ հետ. որոշ դրական տեղաշարժեր կան այս ոլորտում, և դա, բնականաբար, լավ է: Անդրադառնալով այդ «առանց հայեցակարգի» ակնարկին՝ ասեմ, որ շատերն են պնդում, որ կարելի է առանց հայեցակարգերի առաջ գնալ: Բայց այդ դեպքում որոշումներն ու պետության քաղաքականությունը ունենում են խիստ էկլեկտիկ, հատվածային, իրավիճակային բնույթ, դրանց արդյունավետությունը նվազում է: Այսօր շատերն են խոսում քաղաքացիական հասարակության մասին, սակայն եթե հարցնեք՝ ինչ է քաղաքացիական հասարակությունը, կտեսնեք, որ մտապատկերային մակարդակում են ընկալումները: Մեկն ընկալում է որպես իրավական պետություն, մյուսը՝ իշխանության տարբեր ճյուղերի փոխադարձ վերահսկողություն, երրորդը՝ ոչ կառավարական կազմակերպություն, չորրորդը՝ խոսքի ազատություն, մեկն էլ՝ գուցե, սանրվածքի ցանկացած տարբերակի հնարավորություն և այլն: Այսինքն՝ ամեն մեկն իր մոտեցումը ունի, սակայն դա հնդիկների թևավոր խոսք է հիշեցնում. «Երևույթը մեծ փիղ է, իսկ ուսումնասիրողները՝ կույր թզուկներ»:

Ուզում եմ հակադարձել նաև Ձեր ակնարկին: Գիտե՞ք, մենք շատ լավ խոսում ենք հայերեն առանց քերականության: Այդ դեպքում՝ քերականության ի՞նչ կարիք կա: Անշուշտ, կարիք կա, որովհետև գրագետ խոսքը տարբերվում է փողոցային լեզվից: Նույնն էլ այս դեպքում: Եթե մենք օրենսդրական ոլորտում ունենք նախաձեռնություններ, ֆինանսական ծրագրեր և խնդիրներ, ապա պետք է նախ հստակեցնենք հայեցակարգը՝ ի՞նչ ենք ուզում, ի՞նչ բնագծեր կարող ենք նվաճել, ի՞նչ ռեսուրսներ ունենք, ի՞նչ խնդիրներ կան, որոնք այս ճանապարհին պետք է լուծել: Հայեցակարգը այդ խնդիրները գույքագրելու, ի մի բերելու և հնարավոր լուծումներ առաջարկելու փորձ է:

— Ձեր ձևակերպումը հասկանալի է: Ներկայացնեմ քաղաքացիական հասարակության այն հատվածի դիրքորոշումը, որը չի մասնակցել հայեցակարգի մշակմանը. ինչպե՞ս է Հանրային խորհուրդը հանդես գալիս առաջարկով այն դեպքում, երբ նրա լեգիտիմության հարցը կասկածի տակ է՝ նկատի ունենալով այն փաստը, որ Հանրային խորհուրդը չի ներկայացնում քաղաքացիական հասարակությունը, այլ ՀՀ գործող նախագահի կողմից ստեղծված մարմին է:

— Ճիշտն ասած՝ Ձեզ և նման դիրքորոշում ունեցող Ձեր գործընկերներին խորհուրդ կտամ ուսումնասիրել Հանրային խորհրդի իրավական փաստաթղթերը: Իհարկե, խորհուրդն այսօր ՀՀ նախագահին կից խորհրդատվական մարմին է, սակայն ունի 12 հանձնաժողով, որտեղ առանց սահմանափակումների ցանկացած ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն կարող է ունենալ իր ներկայացուցչին: Մոտ 1200 հասարակական կազմակերպության շուրջ 2000 անդամ է այնտեղ պատվիրակված: Ցանկացած ոք, ով ցանկացել է մասնակցել մշակմանը, մասնակցել է: Այսինքն՝ խոսքը այն հատվածի մասին է, որը չի ցանկացել մասնակցել. դա իրենց գործն է: Ուստի՝ խորհրդի լեգիտիմության մասին խոսելիս պետք է վերապահումներ անել: Ի դեպ՝ արդարադատության նախարարության տվյալներով՝ այսօր ունենք 1300-1400 ՀԿ, և եթե խորհրդում ներկայացված է դրանցից 1200-ը, սա վկայում է ներկայացուցչական բավական լուրջ մակարդակի մասին: Ավելին՝ այդ կազմակերպությունները Հանրային խորհրդում հարցեր առաջադրելու և խնդիրների լուծման ճանապարհներ հուշելու առաքելություն ունեն: Հանրային խորհուրդը աշխարհի մոտ 60 երկրում գործող Տնտեսական և հասարակական խորհուրդների անալոգն է: Ի դեպ՝ ավանդույթը գալիս է Արևմտյան Եվրոպայից:

— Ձեր կարծիքով՝ ընտրություններից երեք ամիս առաջ հայեցակարգի ներկայացումը պատահականությո՞ւն էր:

— Վստահաբար: Մեկուկես տարի առաջ ենք սկսել այս հարցով զբաղվել. լուրջ հետազոտությունների, ուսումնասիրությունների, ֆոկուս խմբերի քննարկումների, փաստաթղթերի վերլուծության, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության և մեր պատմական արժեքների ու ավանդույթների համադրման անհրաժեշտություն կար:

— Հայեցակարգի ներկայացմանը զուգահեռ՝ քաղաքացիական այլ կառույցներ հավաքվեցին և քննադատեցին այս գործընթացը, օրինակ՝ իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը և այլք:

— Եթե խոսքը անցյալ երկուշաբթի «Էրեբունի պլազայում» կայացած քննարկման մասին է, ես գնացել և ընդունել եմ ընդդիմախոսությունը, նաև քննադատել եմ այդ դիրքորոշումները: Ի դեպ՝ ունեմ այդ ձայնագրությունը, կարող ենք այն նույնիսկ համացանցում տեղադրել:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը

Մեկնաբանել