Հալեպահայ ռեժիսորի ձերբակալման պատճառը հայտնի չէ. Ժ. Ռեյիսյան

Հալեպահայ ռեժիսոր Ավո Գաբրիելյանը, որին նոյեմբերի 7-ին ձերբակալել են, ներկայում հարցաքննվում է: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:

Նրա խոսքով` «Սիրիահայության շտապ օգնության մարմինը» փորձել է պարզել Գաբրիելյանի անազատության պատճառները, սակայն չի հաջողվել: «Սիրիայի պետանվտանգության գրասենյակից հայտնում են, որ նա օրենքի խախտում է կատարել, սակայն չեն վկայակոչում, թե որ մեկը»,- ասաց Ռեյիսյանը:

Նա նշեց, որ Հալեպում այս օրերին իրավիճակը հանգիստ է: Քաղաքի կենտրոնում բախումներ չկան: Ջիդայդե թաղամասում գտնվող առաջնորդարանը և եկեղեցին ներկայում ապահով են, թեև հավատացյալների հոսքն այս շրջան նվազել է:

Առաջնորդարանի մամուլի խոսնակի հաղորդմամբ` Հալեպի Նոր գյուղ թաղամասում նոյեմբերի 19-ին դիպուկահարի կրակից վիրավորված հայ կինը տեղափոխվել է հիվանդանոց և բուժման փուլում է:

Մեկնաբանել