Սա մեր իմանալ կամ չիմանալու խնդիրը չէ, այս տեղեկությունները թաքցրել են մեզնից

Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչատունը լույս է ընծայել Թաներ Աքչամի և Ումիթ Քուրթի «Օրենքների ոգին. հետևել Ցեղասպանության հետքին «լքյալ գույքի» օրենքներում» խորագրով գիրքը, որը պատմում է, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունից հետո նախ Օսմանյան կայսրությունում, ապա հանրապետական Թուրքիայում յուրացվել հայկական գույքը։ Sesonline.net թուրքական կայքի հետ հարցազրույցում գրքի համահեղինակ, Կլարկ համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամն ասել է, որ յուրացնելով հայկական գույքը՝ թուրքական պետությունը գողություն է արել և շարունակում է գողություն անել: Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

— Առաջին հայացքից էլ պարզ է, որ գիրքը լույս է սփռելու բազմաթիվ հարցերի վրա, որոնց մենք տեղյակ էլ չենք։ Կպատմե՞ք գրքի մասին։

— «Օրենքների ոգին» գիրքը իմ աշակերտ Ումիթ Քուրթի հետ ենք հրապարակել: Այս գիրքը չէր լինի, եթե նա «Լքյալ գույքի» մասին պատմող օրենքներն ու որոշումները ի մի չբերեր, չխմբագրեր: Մեկ տարվա ընթացքում փորձել ենք կարդալ, հասկանալ և մեկնաբանել մեր ձեռքի տակ եղած օրենքներն ու որոշումները, որոնց լեզուն շատ խճողված է, երբեմն անհնար է դրանք հասկանալ։
Օրինակ՝ Լոզանի պայմանագրի մի որոշում կար, որն առանց չափազանցության կարդացել ենք հարյուր և ավելի անգամ, համեմատել նախորդ և հաջորդ որոշումների հետ: Աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ ոչ ոք այդ փաստաթղթերը ճիշտ չի կարդացել, տեղյակ չէ, մինչդեռ մեր՝ Թուրքիայի Հանրապետության գաղտնիքն այստեղ է թաքնված։

— Հայկական հարցի վերաբերյալ երկար ժամանակ ուսումնասիրություններ եք կատարում, բայց այս գիրքը գրելու ընթացքում, հավանաբար, շատ բաներ եք բացահայտել. այդպե՞ս է։

— Շատ բաներ «կարմրելով» եմ իմացել: Երբ կարդաք գիրքը, մի շարք զարմանալի, ապշեցուցիչ տեղեկություններ կգտնեք։ «Այսպիսի բաներ է՞լ է եղել», «ինչո՞ւ չգիտենք այս ամենը, ինչո՞ւ, ի՞նչպես են մեզնից թաքցրել» և նման հարցեր կառաջանան, գուցե հանդիպեք նաև զայրույթ հարուցող հանգամանքների: Սա միայն մեր իմանալ կամ չիմանալու խնդիրը չէ, էականն այն է, որ այս տեղեկությունները թաքցրել են մեզնից: Պետությունը, այդ ամենը իմանալով և թաքցնելով, ծաղրել է մեզ։

Այժմ ցանկացած հայ կարող է այցելել Թուրքիա… 1920-ականներին այդպես չէր։ Թեև գործում էր 1918թ. անձնագրերի մասին օրենքը և 1924թ. Ուղևորությունների մասին որոշումը, արգելվում էր հայերին Թուրքիա մտնել, անձնագիր ունեցողներն էլ, չնայած բոլոր իրավունքներ ունեին, սահմանին ձերբակալվում էին: 1920-ականներին Ազգերի լիգայի հատուկ անձնագիր ունեցող փախստականներին էլ էր արգելվում վերադառնալ երկիր: Դրանք կոչվում էին «Նանսենյան անձնագրեր» և տրվում էին Հայոց ցեղասպանությունից հետո այս կամ այն երկրում հաստատված հայերին, որոնք միջազգային մակարդակով ճանաչվում էին որպես փախստականներ։

Թուրքիան 1938թ. անձնագրերի մասին օրենքում փոփոխություններ է կատարում և «Նանսենյան անձնագրեր» ունեցողներին օրենսդրորեն արգելում մտնել երկիր: Այսինքն՝ աքսորից և մահից փրկված հայերի երեսին փակում էին դռները՝ թույլ չտալով վերադառնալ հազարավոր տարիներ բնակեցրած հողեր: Մենք չգիտենք այս ամենը։

— Ինչո՞ւ չէին ցանկանում, որ այդ մարդիկ գային։

— Հարցի պատասխանը թաքնված է Լոզանի պայմանագրում: Լոզանում ընդունվում է, որ Թուրքիան հայկական գույքը պետք է վերադարձնի հայերին։ Առնվազն հինգ-վեց առանձին որոշում կա։ Լոզանի պայմանագրի համաձայն՝ դրա ուժի մեջ մտնելուց (1924թ. օգոստոս 6) անմիջապես հետո Թուրքիան պարտավորվում է սեփականությունը կորցրած հայերին կամ նրանց ժառանգներին վերադարձնել «լքյալ գույքը»։

Արգելվում էր, որովհետև հայերը կարող էին գալ ու տեր դառնալ իրենք սեփականությանը։ Եղան մարդիկ, որոնք ցանկացան վերադառնալ: Նրանք սահմանին ձերբակալվեցին և հետ ուղարկվեցին։ Իսկ նրանք, ովքեր կարողացան կաշառք տալով մտնել երկիր, Թուրքիայի կառավարության ճգնաժամի պատճառ դարձան: 1924թ. Թուրքիան ցնցվում էր կաշառակերությունների հետ կապված սկանդալներից: Պատճառն այն էր, որ հայերը, հետ վերադառնալով, իրենց գույքն էին ուզում։

Երբ Լոզանում ասում էին, թե թուրքերը բռնագրավում են քրիստոնյաների գույքը, թուրքական կառավարությունը պատասխանում էր, թե կորած կամ փախուստի մեջ գտնվող քաղաքացիների գույքը վերցվում է պետության պահպանության տակ։ Հետո, երբ քաղաքացին, որի «գույքը պահպանում էին», վերադառնում և ասում էր՝ տուր իմ գույքը, դուռը փակում էին նրա երեսին։ Այսպիսով՝ պետությունը գողություն էր անում և գուցե հիմա էլ է գողություն անում։

— Այսինքն՝ լքյալ գույքի խնդիրը Լոզանո՞ւմ էլ է քննարկվել։

— Այո՛, պատմությունը, որը չգիտենք, հենց սա է։ Լոզանի պայմանագրում գույքը վերադարձնելու որոշում է ընդունվել։ Նույնիսկ հատուկ դատարան էր ստեղծվել, որին դիմելով՝ մի քանի հայեր կարողացան իրենց գույքը վերադարձնել։

Կուզենայի նշել, թե Նեշե Դյուզելին տված հարցազրույցում հայկական գույքի մասին ինչ է ասել Հրանտ Դինքը. «Հայկական գույքի հարցը այս պահին Թուրքիայի ապագայի համար ամենից ցավոտ, ամենից սարսափեցնող հարցն է։ Առանց այդ էլ այս երկրում մահացածներից ավելի շատ կենդանի մնացածների մասին խոսելն է դժվար»։ Երբ Նեշե Դյուզելը հարցրել է՝ ինչո՞ւ, Դինքն ասել է. «Եթե հարց բարձրացվի, թե ում միջև է բաժանվել հայերից մնացած գույքը, և ում ինչ է եղել, դա շատ մեծ ցնցում կհարուցի, որովհետև կփլվի երկրին հարմարեցված ամբողջ պատմությունը: Թուրքիայում կարևոր վերափոխումներ կլինեն»։

Իմ միակ նպատակն էլ այն է, որ գրքի շուրջ Թուրքիայում նման քննարկում սկսվի:

Պատրաստեց Գոռ Երանյանը

Մեկնաբանել