Անկախության կողմնակիցները հաղթել են Կատալոնիայի ընտրություններում

Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակիցները Կատալոնիայում երեկ կայացած տեղական խորհրդարանի ընտրություններում հաղթանակ են տարել, թեև այդ երկրամասի իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնության չի հասել: Ինչպես հաղորդում է BBC-ն, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը վերջին քառորդ դարում ամենամեծն է եղել: Քվեների գրեթե 100 տոկոս հաշվարկի արդյունքում ամենաշատ ձայները՝ 30%, հավաքել է ազգայնական «Մերձեցում և դաշինք» կուսակցությունը, որը խորհրդարանի 135 տեղերից զբաղեցրել է 50-ը՝ չստանալով բացարձակ մեծամասնություն: Եվս 21 մանդատ ստացել են ազգայնականների դաշնակիցները՝ «Կատալոնիայի ձախ հանրապետականները»:

Այս երկու կուսակցություններն էլ հանդես են գալիս Կատալոնիայի՝ հանրաքվեի միջոցով Իսպանիայից անկախանալու օգտին:

Մադրիդի կենտրոնական կառավարությունը հայտարարում է, որ կատալոնացի ազգայնականներն այդ պահանջը շահարկում են, որպեսզի քողարկեն երկրամասի ֆինանսական մեծ խնդիրները և կենտրոնական կառավարությունից ավելի շատ արտոնություններ ստանան:

Կատալոնիայի նախագահ Արթուր Մասը հայտարարել է, որ անկախանալու պարագայում հարուստ այս երկրամասը՝ Բարսելոնա մայրաքաղաքով, ստիպված չի լինի եկամուտները կիսել մնացյալ Իսպանիայի հետ: Մասը ընտրություններից հետո հայտարարել է, որ առաջիկա չորս տարում Կատալոնիայում տեղի կունենա անկախության հանրաքվե:

Կատալոնիայի բնակչությունը հինգ միլիոն է: Թեև Կատալոնիան Իսպանիայի տնտեսապես ամենազարգացած հատվածն է, այն նաև պարտքի ամենամեծ բեռ ունեցող երկրամասն է:

Մեկնաբանել