Թուրքիայում գործող ադրբեջանական կազմակերպությունը պահանջում է փակել հայկական եկեղեցիներն ու դպրոցները

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի ընկերությունը» (ASIMDER) պահանջել է փակել Թուրքիայում գործող հայկական եկեղեցիները, դպրոցները, հիմնադրամները, հաղորդում է «Ակօսը»: Ընդ որում` կազմակերպությունը սպառնացել է նաև Թուրքիայում ապրող հայերին:

Ադրբեջանի ֆինանսավորմամբ գործող այս կազմակերպությունը հիմնականում իր գործունեությունն է ծավալում Իգդիրում և Կարսում, որտեղ վերջին տարիներին բնակություն են հաստատել բազմաթիվ ադրբեջանցիներ: Ընդ որում` ASIMDER-ի այս հայտարարությանը բարձր է գնահատել Իգդիրում Ադրբեջանի հյուպատոսը:

Այս կոչն անհանգստություն է առաջացրել տեղի հայության շրջանում: «Ակօսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Radikal-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի հովանավորությամբ գործող այս կազակերպության քայլերը շատ վտանգավոր են և պետք է վերջ տալ դրանց: «Չպետք է թույլ տալ Թուրքիայի հայերի դեմ ագրեսիայի նոր ալիք»,- ընդգծել է Քոփթաշը:

ASIMDER-ը քննադատել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը, որի կազմում, ըստ նրա, երկու հայ նախարար կա:

Մեկնաբանել