Օբաման ԱՄՆ-ի «հարկաբյուջետային ճեղքվածքը» վտանգավոր է համարում ամբողջ աշխարհի համար

ԱՄՆ-ի՝ «հարկաբյուջետային ճեղքվածքի» մեջ հայտնվելու դեպքում բացասական հետևանքները զգալիորեն կազդեն նաև աշխարհի մնացած մասի վրա: Երեկ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 6-ի ընտրություններից հետո կառավարության անդամների հետ իր առաջին հանդիպման ընթացքում:

«Մենք պետք է գտնենք «հարկաբյուջետային ճեղքվածքի» և միջին դասի համար հարկերի բարձրացումից խուսափելու խնդիրների լուծումը: Ես պատճառներ չեմ տեսնում՝ բարձրացնելու այդ հարկերը»,-ասել է Օբաման: Նրա խոսքով՝ այս խնդիրների լուծումների բացակայությունը բացասական ազդեցություն կունենա ոչ միայն ամերիկյան ընտանիքների, այլև գլոբալ տնտեսության վրա:

ԱՄՆ նախագահը վերահաստատել է բյուջեի պակասուրդի կրճատման հարցում հավասարակշռված մոտեցում դրսևորելու իր դիրքորոշուոմը: Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է տնտեսության վերականգնման գործընթացի չընդհատման համար:

ԱՄՆ-ը կարող է «հարկաբյուջետային ճեղքվածքի» մեջ հայտնվել, եթե դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականներին չհաջողվի բյուջեի պակասուրդի կրճատման հարցում փոխհամաձայնության գալ: Այդ դեպքում 2013թ. հունվարի 1-ից բյուջեի ծախսերը կարող են ավտոմատ կերպով կրճատվել ՀՆԱ-ի 4%-ով:

«Կարծում եմ երկու կուսակցությունները կարող են հարցի շուրջ փոխհամաձայնության գալ առաջիկա շաբաթներին և լիահույս եմ, որ հարցը կլուծվի մինչ Սուրբ ծնունդ», -ասել է Օբաման:

Մինչ այս տարվա վերջ ավարտվում է նաև դեռ Ջորջ Բուշ Կրտսերի պաշտոնավարման ժամանակ սահմանված հարկային արտոնությունների ժամկետը: Օբամայի վարչակազմը առաջարկում է հրաժարվել երկրի առավել ունևոր դասի համար նախատեսված արտոնություններից՝ փոխարենը երկարացնել դրանց ժամկետը միջին դասի համար: Հանրապետականները կողմ են արտոնությունների պահպանմանը: Կողմերի՝ փոխհամաձայնության չգալու դեպքում ՝ հարկային ծանրաբեռնվածությունը զգալիորն կբարձրանա երկրի գրեթե բոլոր քաղաքացիների համար:

Մեկնաբանել