Արդար ընտրությունները կկանխեն արտագաղթի նոր ալիքը. Վ.Կարապետյան

Ընդդիմությունը, չունենալով համաձայնություն թե թեկնածությունների, թե ընտրություններին մասնակցության շուրջ, դեռ չունի նաև համագործակցության ձևաչափ, սակայն դա, թերևս, օրերի հարց է. այս մասին «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում նշեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նա նշեց, որ երկրի հիմնական խնդիրն ընտրությունների արդար անցկացման արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանության բացակայությունն է, որի արդյունքում միջազգային կազմակերպություններն անորոշ ժամանակով հետաձգեցին Հայաստանում նախատեսված ծրագրերի իրականացումը, կտրուկ մեծացավ ժողովրդի անվստահությունը պետության նկատմամբ, և բնականաբար, մեծ չափով աճեց արտագաղթը՝ հասնելով «աղետալի չափերի»: Նա նշեց նաև, որ աղմկահարույց «Հայոց պատմության» դասագրքում խեղաթյուրված է նաև հայոց պատմության այդ էջը, բերված չեն միջազգային կառույցների իրական գնահատականները, որ ոչ միայն «արդար ու թափանցիկ» չեն որակել նախորդ նախագահական ընտրությունները, այլև նշել են, որ «այդ խախտումներն այլևս պիտի չկրկնվեն»: Ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել այնպես, որ ժողովրդի կամարտահայտությունն իրականում դրսևորվի, ըստ նրա, նաև արտագաղթի նոր ալիքը կանխելու համար:

Կարապետյանը նշեց, որ բացարձակ հիմնավոր չեն ժողովրդի մեջ տարածված այն պատկերացումները, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են Արևմուտքում կամ Ռուսաստանում: Նա վստահ է, որ որևէ ուժ դրսից չի կարող Հայաստանի քաղաքացիներին տնից հանել, տանել ընտրատեղամասեր ու քվեարկել տալ որևէ կողմի օգտին, «դա կարող է անել միայն տեղի քաղաքական ուժը»:

Մեկնաբանել