Եվրոպացիները կրճատում են տոնական ծախսերը

Եվրոպացիները հարկադրված են խնայել Սուրբ ծննդյան նվերների վրա։ Պարտքային ճգնաժամի երեք տարիների ընթացքում 2013թ. նախատոնական ծախսերը նվազագույն ցուցանիշ կարձանագրեն, ընդ որում՝ այս անգամ էլ ամենաշատը կխնայեն հույները։ Եվրոպացիների մեծ մասը տնտեսական վիճակի վատթարացում է սպասում՝ նախընտրելով մեծ ծախսեր չկատարել։

Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում եվրոգոտու տնտեսությունը կրճատվել է 0,2%-ով, ընդ որում՝ արժութային միությունում գործազրկության միջին մակարդակը հասել է 11,6%-ի, Իսպանիայում և Հունաստանում այն գերազանցում է 25%-ը: Այս պարագայում եվրոպացիները հարկադրված են կրճատել ծախսերը, իսկ մանրածախ ցանցերը՝ իջեցնել գները՝ գնորդներին չկորցնելու նպատակով։
Բրիտանական Deloitte-ի տվյալների համաձայն՝ միջին եվրոպացու Սուրբ ծննդյան տոների ծախսերը, ներառյալ նվերները, կկրճատվեն 0,8%-ով: Եվրոպացիների 92%-ի համար որոշիչ գործոն կլինի գինը, ընդ որում՝ 18%-ը այս տարի ավելի քիչ նվերներ կգնի: 14%-ը գնումների համար կվճարի մաս առ մաս: Եվրոպացիների 77%-ը մտադիր է գնումների համար սպասել զեղչերի սկսվելուն:

Ուշագրավ է, որ եվրոպացիները գնումների համար տարբեր ժամանակահատվածներ են ընտրում: Այսպես՝ իռլանդացիները, ֆրանսիացիները, գերմանացիները և պորտուգալացիները նախընտրում են գնումներ կատարել նոյեմբերին: Իսպանացիների և իտալացիների համար գնումների ամենաթեժ ժամանակահատվածը դեկտեմբերի առաջին կեսն է։ Ամենաուշը գնումներ կատարում են հույներն ու ռուսները՝ դեկտեմբերի վերջին:

Եվրոպացիների համար ամենացանկալի նվերը շարունակում է մնալ գիրքը՝ 46%, այնուհետ փողը՝ 37%: Հագուստը և կոշիկները ցանկալի նվերների շարքում երրորդն են՝ 35%, որոնց հաջորդում է կոսմետիկան՝ 34%: Եվրոպացիները ամենից քիչ ցանկանում են նվեր ստանալ զարդեր և ժամացույց՝ 26%: Ընդ որում՝ տոնական բյուջեի գրեթե կեսը կծախսվի երեխաների նվերների վրա:

Ամենից շատ մտադիր են խնայել եվրոգոտու խնդրահարույց երկրների բնակիչները: Այսպես՝ հույները տոնական բյուջեն կկրճատեն 16,2%-ով, պորտուգալացիները՝ 13,5%-ով, իսպանացիները և իտալացիները՝ 4%-ով: Ֆրանսիացիները և գերմանացիները, ընդհակառակը, այս տարի մտադիր են ավելացնել տոնական ծախսերը՝ համապատասխանաբար 0,7%-ով և 1,5%-ով։

Մեկնաբանել