Ասիական բանկը Հայաստանի հետ տարաձայնություններ ունի

«Հյուսիս-Հարավը» ճեղքվել է $10 մլն-ով Ասիական զարգացման բանկը կառավարության հետ տարաձայնություններ ունի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրում նոր խնդիրներ են ծագել։ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) չի շտապում հատկացնել «Տրանշ-3»-ով նախատեսվող $180 մլն-ի վարկային միջոցները։ Ձգձգումը պայմանավորված է կառավարության հետ ունեցած տարաձայնություններով։ Ծրագրի այս փուլում առաջացել է մոտ $10 մլն-ի ճեղքվածք, որը կառավարությունը ցանկանում է ֆինանսավորել «Տրանշ-3»-ի հաշվին, ինչին դեմ են բանկում։

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի ծրագրերի կառավարումը գնահատող նիստը (Management Review Meeting), որում պետք է քննարկվեր և հաստատվեր «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրի «Տրանշ-3»-ի տրամադրումը։ Բանկի պաշտոնական կայքում նիստի արդյունքների վերաբերյալ մինչև երեկ երեկո որևէ տեղեկատվություն չկար, թեև «Օրակարգի» տեղեկություններով՝ «Տրանշ-3»-ին վերաբերող հարցեր նիստում քննարկվել են։

Բանկի լռությունը պայմանավորված է Հայաստանի կառավարության հետ ունեցած տարաձայնություններով։ Առաջացած խնդիրների պատճառով բանկը չի շտապում հաստատել $180 մլն վարկային միջոցների հատկացումը, որոնք պետք է ուղղվեն Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի վերակառուցմանը (երթևեկելի ներկայիս երկու գոտիները հասցվելու են չորսի)։

Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև տարաձայնության հիմնական պատճառն այն է, որ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով նախատեսված աշխատանքների արժեքը ծրագրվածից ավելի է մոտ $10 մլն-ով։ Բանկը պնդում է, որ այդ ճեղքվածքը, մասնավորապես «այլ ծախսերը» (առաջանալու դեպքում), կառավարությունը պետք է ֆինանսավորի սեփական միջոցներով, այնինչ կառավարությունը ծրագրում է դրանք ֆինանսավորել «Տրանշ-3»-ով հատկացվելիք վարկային միջոցների հաշվին։

«Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով ճեղքվածքն առաջացել է այն բանի հետևանքով, որ կապալառուի մրցույթում տրանսպորտի և կապի նախարարությունն այս տարի հաղթող է ճանաչել իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությանը, որը Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին ընդհանուր առմամբ 82 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերակառուցումը համաձայնել է իրականացնել $250 մլն-ով։ Ընկերության պահանջած գումարն ավելի է, քան նախատեսվում էր աշխատանքների համար։ «Տրանշ-1»-ով ԱԶԲ-ն հատկացրել է $60 մլն, իսկ «Տրանշ-2»-ով՝ $170 մլն։

Տարաձայնությունների իրական պատճառը, սակայն, շատ ավելի խորն է. $10 մլն-ը ընդամենը առիթ է։ Անցած տարիների ընթացքում կառավարության ցուցաբերած դանդաղկոտությունը, պարբերաբար առաջացող խնդիրները ԱԶԲ-ին ստիպել են դիմել վճռական քայլի և կառավարությանն ի ցույց դնել բանկի դժգոհությունը։

ԱԶԲ-ն «Հյուսիս-Հարավի» $500 մլն արժողությամբ վարկային ծրագիրը հաստատել է դեռևս 2009թ. սեպտեմբերին, «Տրանշ-1»-ը ($60 մլն) և «Տրանշ- 2»-ը ($170 մլն) հաստատվել են 2010թ.։ Սակայն աշխատանքների իրականացման կապալառու ընկերության մրցույթների կազմակերպման և անցկացման դանդաղկոտության հետևանքով ծրագրի իրականացումը հետ է ընկել առնվազն մեկ տարով։

Աշխատանքները ժամանակին չի սկսել նաև կապալառուն՝ Corsan Corviam Construccion S.A ընկերությունը։

Ապրիլի 27-ին կառավարության հետ պայմանագրի ստորագրումից հետո Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը վստահեցնում էր, որ 82 կմ ճանապարհահատվածի վերակառուցման և կառուցման աշխատանքները կսկսվեն մոտ մեկ ամիս հետո, այն դեպքում, երբ շինաշխատանքների մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերի 13-ին՝ խոստացված ժամկետից 4 ամիս ուշ։

Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված «Տրանշ-1» և «Տրանշ-2» պայմանագրերով նախանշված է, որ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ Իսպանական ընկերությունը ապրիլին խոստացել է Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում, իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում կամ 2015թ. աշնանը։ Եթե հաշվի չառնենք անգամ բնակլիմայական պայմանները, ակնհայտ է նախանշված ժամկետներից շեղումը։

Եթե կառավարությունը և ԱԶԲ-ն ի վերջո փոխադարձաբար ընդունելի լուծում գտնեն, չի բացառվում, որ ծրագրի իրականացման ժամկետների շեղումը նոր տարաձայնությունների պատճառ դառնա։

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» (երկարությունը՝ 556 կմ) նախագիծը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Ծրագրի արդյունքում պետք է կառուցվի Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը, որը միանալու է Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ մինչև Փոթիի և Բաթումի նավահանգիստներ։ «Հյուսիս-Հարավի» ընդհանուր բյուջեն կազմում է $962 մլն, որից $500 մլն-ը ԱԶԲ-ի վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, հետագայում՝ 1,5%)։ Կառավարության համաֆինանսավորումը $462 մլն է, որից $177 մլն-ը՝ հարկերի, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման տեսքով։

Մեկնաբանել