Վրաստանը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում. Իրակլի Ալասանիա

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է:

Միաժամանակ` Ալասանիան պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք են հայտնել երկու պետությունների միջև առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դեսպանը նախարարին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը և Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է վրաց նախարարի կողմից:

Մեկնաբանել