ԱՊՀ-ն ինտեգրում է արժույթները

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աշգաբադ է մեկնել դեկտեմբերի 4-ին) ԱՊՀ վեց երկիր կստորագրեն ինտեգրացիոն արտարժութային շուկայի ստեղծման համաձայնագիր:

Թուրքմենստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բլոխինի խոսքով՝ համաձայնագրի կողմերը հնարավորություն կունենան արտարժույթի փոխանակման գործարքներ կազմակերպել անդամ երկրների տարածքներում։ Ըստ նրա՝ համաձայնագրին մասնակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը։ ԱՊՀ մասնակից մյուս երկրները՝ Ադրբեջանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան, ձեռնպահ են մնալու համաձայնագրի ստորագրումից։

Համաձայնագրի վերաբերյալ տեղեկատվությունը սուղ է, ռուս մասնագետների կարծիքով՝ այն կամրապնդի ռուսական ռուբլու դիրքերը հետխորհրդային տարածքում։ ԱՊՀ առանձին երկրներում արտարժույթի փոխանակման օրենսդրական սահմանափակումներ են գործում, որոնք կվերանան համաձայնագրի ստորագրումից հետո։

Մեկնաբանել