Տարոն Մարգարյանը պարգևատրել է Լիոնի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը` Լիոնի քաղաքապետը նկատել է, որ այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է վերջերս թարմացված համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնել երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:

Տարոն Մարգարյանը, իր հերթին, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս բաց ու պատրաստակամ է երկուստեք հարաբերությունների ընդլայնման հարցում: Տարոն Մարգարյանը ֆրանսիացի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ այս օրերին հասցրել է գործնական հանդիպումներ ունենալ քաղաքային տնտեսության որոշ ոլորտների պատասխանատուների հետ և ձեռք է բերել որոշակի պայմանավորվածություններ, որոնք իրապես կնպաստեն երկուստեք հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Նկատելով, որ 2013թ. կլրանա երկու քաղաքների քույրացման 20-ամյակը, Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին հրավիրել է Երևան` ձևավորված հարաբերությունների հոբելյանական տարին նշելու և գործընկերային հարաբերությունների խորացման հնարավոր մոտեցումները տեղում քննարկելու համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Ժերար Կոլոմբը խոստացել է նախապես համաձայնեցնելուց հետո հաջորդ տարի պաշտոնական այցով այցելել Երևան:

Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին` երկու քաղաքների հարաբերությունների խթանմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին պարգևատրել է մեդալով` երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը նպաստելու գործում մեծ ներդրում ունենալու համար:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 5-ից 9-ը Լիոնում ֆրասիացի գործընկերոջ հրավերով մասնակցել է Լույսերի տոնին: