Ավտոբուսների արտադրության գործարանի շինարարությունը կմեկնարկի առաջիկա 1-2 ամսում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախատեսվում է Հայաստանում ավտոբուսների արտադրություն հիմնել, որը կթողարկի միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ. հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

ՀՀ կառավարության նիստում թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել MedAK GmbH գերմանական ընկերությանը` ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար։

Որոշմամբ սահմանվել է, որ նշված գույքի տարեկան վարձավճարն առաջիկա 7 տարվա համար կազմում է Դ1 մլն, որն ուղղվելու է ՀՀ պետբյուջե։

Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան կազմակերպել միջին և մեծ տեղատարողության մեքենաների՝ ավտոբուսների, արտադրություն` 7 տարվա ընթացքում ներդնելով 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գործարանին անհրաժեշտ սարքավորումները և պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը։ Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչև 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս։ Դրանք անաղմուկ են, հարմարավետ նստարաններով, ունեն օդորակման համակարգ։

Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի։ Մեր մասնագետները կվերաորակավորվեն ընկերության գործարաններում։

Այս նախաձեռնությանը հիմք է դրվել դեռևս 2 տարի առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և Ashok Leyland կազմակերպության գործադիր տնօրեն Պիեռ Գուստավի հանդիպման ընթացքում։ Իսկ արդեն 2012թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին նրանց հանդիպման ժամանակ քննարկվել են գործարանի հիմնադրման և արտադրության կազմակերպման մանրամասները։

Հայաստանում արտադրվող ավտոբուսները զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից։ Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում։ Մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները։

Ashok Leyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ։ Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից։

Մեկնաբանել