Տնտեսությունից դուրս ի՞նչ քաղաքականություն. Հ.Բագրատյան

Սա 2005 թիվը չէ, մենք արդեն ունենք բնակչության էլեկտրոնային ռեգիստր, ինչի՞ համար ենք այսպես անում՝ դրսում մարդը հասուն է դառնում, ավտոմատ մտցնում ենք ընտրացուցակ, տալիս ենք ընտրելու իրավունք, ասում ենք՝ մենակ Հայաստանում պիտի քվեարկես՝ շատ լավ իմանալով, որ նա չի գալու քվեարկելու. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրում նշեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Ընտրությունների հետ կապված, ըստ նրա, կան բազմաթիվ խնդիրներ. «Օրինակ՝ եթե գյուղ է գալիս նախագահի թեկնածու, գյուղապետը միշտ պետք է ներկա լինի, կամ միշտ պետք է ներկա չլինի, քանի որ նա այդ պահին պաշտոնյա է»,- ասաց նա:

Տնտեսության վրա մեծ շեշտադրումը Բագրատյանը հիմնավոր է համարում. «Տնտեսությունից դուրս ի՞նչ քաղաքականություն: Ես գտնում եմ, որ նախագահը հիանալի պետք է պատկերացնի տնտեսական ուղղության քաղաքականությունը»: Իր խոսքը նա հիմնավորեց՝ հիշեցնելով ՌԴ նախագահ Պուտինին, ԱՄՆ նախագահ Օբամային, ինչպես նաև՝ թեկնածու Ռոմնիին: «Ես հենց հիմա էլ նախագահին հրավիրում եմ բանավեճի՝ արդեն տասներորդ անգամ»,- ասաց նա: Ըստ նրա՝ ֆինանսների նախարարը «իր կադրերից» է այնքանով, որքանով իր վարչապետության օրոք, նա ուղարկվել է Եվրոպա՝ ուսանելու: «Ու նենց չի, որ նա անգրագետ տղա ա, լավ էլ գրագետ ա, ուղղակի սխալ հոսանքի մեջ ա»,- նշեց Բագրատյանը:

«Սոցիոլոգիական հարցումները բացարձակ հիմարություն են. դրանք կախված են նրանից, թե ովքեր են դա պատվիրում, ինչքան են վճարում: Մտածում են՝ մթամ առաջին տեղը գրավել են, հիմա էլ երկրորդ տեղն են սարքում՝ չէ մի ոտներ»,- ասաց Բագրատյանը՝ կրկնելով, որ Հայաստանում պարբերաբար հրապարակվող հարցումները և դրանց «արդյունքները» պատվիրված են:

Լուսանկարը՝ 168.am-ի

Մեկնաբանել