Ինչու կրակեցին. համընդհանուր տարակուսանք

Ֆոտոլուր

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածքներ հասցնելն արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների, բուռն քննարկումների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում: Ո՞վ կարող էր կրակել կամ պատվիրել կրակել նրա վրա, ո՞ւմ էր պետք՝ տարակուսում են թե լրագրողները, թե պաշտոնյաները և թե՛ Հայրիկյանին միայն հեռուստաեթերից ճանաչողները: Շրջանառվում են հավանական ու տարօրինակ տեսակետներ, բնականաբար՝ քաղաքական:

Գուցե նրան կամեցան հեռացնել: Սակայն, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից իրականացված նախընտրական երկրորդ հարցման արդյունքներով՝ Հայրիկյանը «վտանգավոր մրցակից» չի համարվում. ընդամենը երկու օր առաջ հայտարարվել է, թե նրա օգտին կքվեարկի հայաստանյան ընտրողների միայն 4 տոկոսը: Իրավիճակն, ըստ հարցումների, խնդրահարույց չի դառնա, նույնիսկ եթե Պարույր Հայրիկյանի հետ միավորվեն, հարցումների համաձայն, 10 տոկոս ընտրազանգվածով Րաֆֆի Հովհաննիսյանը և 4 տոկոս ընտրազանգվածով Հրանտ Բագրատյանը: Հարցումների համաձայն՝ իշխող կուսակցության առաջնորդ, ՀՀ գործող նախագահը վայելում է ընտրողների 66 տոկոսի համակրանքը: Նույնիսկ եթե հիշենք, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումներին իրավացիորեն թերահավատությամբ են վերաբերվում, պետք է արձանագրենք, որ Պարույր Հայրիկյանին «առաջատար թեկնածու» որակելուց հեռու են նաև հանրությանը քիչ թե շատ հայտնի բոլոր քաղաքագետներն ու մեկնաբանները:

Գուցե սա Հայաստանի միջազգային հեղինակությունը խոցելու համա՞ր է. Հայաստանում նախագահի թեկնածուի վրա կրակելու նկատմամբ վստահաբար անուշադիր չեն լինի միջազգային լրատվամիջոցները, և այս դեպքը Հայաստանը միջազգային բեմում կներկայացնի ոչ այնքան քաղաքակիրթ իրավիճակում:

Գուցե՝ անհրաժեշտ է երկարաձգել նախընտրական փուլը. ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածում կարդում ենք. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը»։ Հավելենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ հայտարարել է, որ պայմանավորված Պարույր Հայրիկյանի առողջական վիճակով՝ ընտրությունները կարող են օրենքով սահմանված կարգով հետաձգվել երկու շաբաթով: Սակայն վերակենդանացման բաժնում գտնվող Հայրիկյանը նշել է, որ ի վիճակի է շարունակել պայքարը:

Իսկ գուցե այս կրակոցները դո՞ւրս են քաղաքականության ու տրամաբանության ծիրից, ու ինչ-որ մեկն այս կերպ ուղղակի Հերոստրատի փառքի է ձգտում՝ փորձելով իր անունը շաղկապել Հայաստանի նորագույն պատմության անշրջանցելի կերպարներից հատկապես Պարույր Հայրիկյանի անվանը:

Կարմեն Մարտիրոսյան

Մեկնաբանել