Մեզ սովորեցնում են, որ պիտի լինեն սպանություններ ու մնան չբացահայտված. Լ.Ալավերդյան

Խառնակչություն. այսպես բնութագրեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» բանավեճի ժամանակ: Նա հավաստեց, որ մեր երկրում տարիներ շարունակ խմորված այս իրավիճակից ծնվում են նման երևույթներ: «Եթե Մարտի 1-ի սպանությունը կատարողները չեն հայտնաբերվել, և այդ էջը համարվում է փակված, ուրեմն նրանք անպատժելի են և մեր մեջ են: Իսկ այս անպատժելիությունը նաև խրախուսանք է: Սակայն հստակեցնենք՝ անկախ նրանից՝ ում են խփել (փառք Աստծո՝ ողջ է մնացել), անկախ նրանից, թե դա ինչպես է եղել, կա մի որոշակի միտում. մեզ ուզում են սովորեցնել, որ պարբերաբար պիտի լինեն կրակոցներ, սպանություններ, և մնան չբացահայտված»,- ասաց Ալավերդյանը:

«Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ վերջապես մեկ անգամ իրականություն դառնա իշխանությունների «ամեն ինչ պիտի անենք, որ բացահայտվի» խոստումը»,- նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ հիշեցնելով, որ այդ խոստումը, սկսած 1994թ. Համբարձում Գալստյանի սպանությունից, հնչել է բազմիցս, բայց մնացել չկատարված: Իր գնահատմամբ՝ նախագահության մեր թեկնածուներից մեկը «խիստ պաշտպանված է», մյուսները պաշտպանված չեն բոլորովին: Նա չի կարծում, որ Հայրիկյանի՝ մահափորձը Ռուսաստանի պատվեր որակելը հիմք ունի. «Հայրիկյանը միակը չէ, որ դեպի Եվրոպա կոչ է անում»,- փաստարկեց Խառատյանը: Այս մահափորձը, ըստ նրա, հարված էր իշխանությանը, քանի որ այս պարագայում այն չի կատարել իր «առաքելությունը»:

«Ինչ-որ հանցագործ կատարել է քստմնելի արարք: Տեղի է ունեցել քաղաքական տեռորի դրսևորում: Ձեռք է բարձրացվել անկախ պետականության խորհրդանիշներից մեկի վրա»,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Հայաստանն ունի ոխերիմ բարեկամներ. սա իրական բարեկամի արած չէ: Աբիժնիկի արած էլ չի. թե չէ ինչի պիտի գնար ու Հայրիկյանի վրա կրակեր. էնքան կրակելու թիրախ կա»,- ասաց նա:

«Խնդիր կա մի բան փչացնելու, հարամելու»,- նշեց Արմեն Մազմանյանը:

«Այսպիսի իրավիճակ ունենք. մարդասպանը մթության մեջ 30սմ-ից մի կրակոցը վրիպել է, մյուսը՝ ընդհանրապես չի կպել: Հետո այս շատ պրոֆեսիոնալ քիլլերը դեպքի վայրում է թողել պարկուճները և էլի բազմաթիվ հետքեր: Ովքե՞ր են, որ քիլլեր են վարձել փողոցում առաջին պատահած պատանուն»,- նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հակադարձեց. «Հոկտեմբերի 27-ին գործողներն էլ պրոֆեսիոնալ չէին գործում»:

Իսկանդարյանը հույս հայտնեց, որ երբ ավարտվի այս գործը և ուժային կառույցները հրապարակեն արդյունքները, մարդիկ կկարդան ու կհավատան, ոչ թե՝ «հոկտեմբերի 27-ի գործի պես»:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայրիկյանի դեմ մահափորձը ոչ թե հարված էր իշխանությանը, այլ ձեռնտու էր նրան, քանի որ «պետք էր հանրության ուշադրությունը շեղել վերջին օրերին մեծապես քննարկվող թեմաներից, և ձևավորել վախի մթնոլորտ, որը միայն իշխանությանն է ձեռնտու»:

Հիշեցնենք, որ երեկ (հունվարի 31) երեկոյան Երևանի Տպագրիչների 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Թեկնածուն տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մեկնաբանել