Ահմադինեժադը Լարիջանիի ընտանիքին կոռուպցիայի մեջ է մեղադրել

Իրանի խորհրդարանում իր ելույթի ընթացքում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրապարակել է պաշտոնաթող եղած դատախազ Սաիդ Մորթազավիի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի եղբայր Ֆազել Լարիջանիի միջև խոսակցության ձայնագրությունը, հաղորդում է Fars-ը:

Ձայնագրության տեքստի համաձայն՝ խոսնակի եղբայրը դատախազին, որը մեղադրվում է դատապարտյալների մահվան մեջ, օգնություն է առաջակել բիզնեսի հետ առնչություններ ունեցող մի շարք նախագծերին մասնակցության դիմաց:

«Եթե խորհրդարանի հարգարժան խոսնակը անհրաժեշտ է համարում, ձայնագրությունը կարող ենք ձեզ տրամադրել»,-ասել է Ահմադինեժադը` հանդես գալով պաշտոնից ազատված աշխատանքի նախարար Աբդուլռեզա Շեյխոլեսալամիի պաշտպանության օգտին:

Ի պատասխան՝ խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հերքել է կոռուպցիայի մեջ մեղադրանքները՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները առնչություններ չունեն նախարարի աշխատանքից ազատվելու հետ:

Ֆազել Լարիջանին մտադիր է մամլո ասուլիս անցկացնել, որի ընթացքում կտա իր գնահատականը: Բացի այդ՝ նա մտադիր է դատարանի միջոցով պատասխանատավության կանչել երկրի նախագահին և նախկին դատախազին, իր խոսքով, սուտ տեղեկությունների տարածման և հեղինակությանը վնասելու համար:

Ուշագրավ է, որ Իրանի դատական համակարգը ղեկավարում է Լարիջանիի մյուս եղբայրը Սադեկ Լարիջանին, և ձայնագրությունը հրապարակվում է նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ: Ալի Լարիջանին ևս մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:

Մեկնաբանել