Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ փետրվարի 4-ին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և միջազգային կազմակերպությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարներին. հաղորդում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:

Նախագահի թեկնածուն շարադրել է նախընտրական փուլի առանձնահատկություններին առնչվող իր մոտեցումները, գնահատել քարոզարշավի ընթացքը: Կողմերն ընդգծել են Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու կարևորությունը: Դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանը ներկայացրել է նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումները:

Օրվա երկրորդ կեսին թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել է Աշտարակ և շրջակա գյուղեր: «Մենք թևակոխել ենք քարոզարշավի երկրորդ փուլ, և իմ հանդիպումներից, Երևանում ու մարզերում իմ շփումներից պարզ երևում է, որ մարդկանց տրամադրությունները փոխվում են: Մեր ժողովուրդը դուրս է գալիս թմբիրից և օրըստօրե ավելի պատրաստակամ է պատասխանատվություն վերցնելու, 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունների միջոցով իրավիճակը երկրում փոխելու առումով»,- աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել