Թույլ չեք տալիս, որ մարդիկ հարց տան Սերժ Սարգսյանին. Զ.Փոստանջյան

ՀՀ Ազգային ժողովում այսօր հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը վարչապետին հիշեցրեց օրերս ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավից մի հատված՝ «Սա խոսքի ազատության և ժողովրդավարության Հայաստան է, օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է…»: Վարչապետը շնորհակալություն հայտնեց, որ ՀՀԿ թեկնածուի քարոզարշավին հետևում են այդքան ուշադիր, սակայն Փոստանջյանը ելույթի բոլոր կետերն անիրական հայտարարեց՝ նշելով.

«Սա խոսքի ազատության և ժողովրդավարության Հայաստան չէ, քանի որ եթե նույն այս պահին ժողովրդավար Հայաստանում տատիկներն ու պապիկները ցանկանում են մոտենալ Սերժ Սարգսյանին ու հարցեր հղել, դուք թույլ չեք տալիս: Մարդկանց դահլիճ հրավիրում եք հրավիրատոմսերով, և փորձում եք փակել դեպի Սերժ Սարգսյանը ճանապարհը՝ թույլ չեք տալիս, որ մարդիկ իրենց հարցերով, իրենց հայտարարություններով մոտենան Սերժ Սարգսյանին:

Ժողովրդավարության մասին եք խոսում. բոլոր գյուղապետարանները, թաղապետարանների տարածքները տրամադրել եք Սերժ Սարգսյանին՝ որպես նախընտրական շտաբ՝ օգտագործում եք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շինությունները: Խոսում եք ժողովրդավարական Հայաստանի մասին, սակայն զրկել եք շուրջ 700 հազար քաղաքացիներին ընտրելու իրավունքից՝ թույլ եք տվել ընտրելու իրավունքից օգտվեն միայն օտարերկրներում ապրող դիվանագետներին:

Խոսում եք օրենքի գերակայությունից և իրավունքից. այսօր մեր գործըներներից մեկի նկատմամբ հարուցված է քրեական գործ և նա ներգրավված է որպես մեղադրյալ: Եվ բազմաթիվ քրեական գործեր կան, որտեղ անմեղ մարդիկ են ներգրավված և այս պահին էլ գտնվում են բանտախցերում:

Խոսում եք տնտեսական ազատությունից և մրցակցությունից. ինքներդ եք հայտարարում, որ Հայաստանի Հանրապետությունում կա 35 տոկոս ստվերային տնտեսություն…»,- պատգամավորի ժամանակն ավարտվեց, և վարչապետը պատասխանեց Փոստանջյանին:

«Մեր կյանքում կան բազմաթիվ ներգատիվ երևույթներ, մեր կառավարության գործունեության մեջ էլ կան բազմաթիվ թերացումներ: Եվ մեր քաղաքացիները տեսնում են այդ ամենը, մենք ինքներս էլ տեսնում ենք և փորձում ենք շտկել, և եթե ընդդիմությունը նույնպես բացահայտում է մեր թերությունները, բացթողումները, դա օգնում է հասարակությանը գնալ առաջ»,- հակադարձեց վարչապետը՝ կոչ անելով ԱԺ ամբիոնից չանել «ոչ մի տեղ չտանող» հայտարարություններ, և մեղադրել կառավարությանը նաև այն խնդիրներում, որում ինքը չէ մեղավոր:

Մեկնաբանել