Է.Նալբանդյանը հիշեցրել է Ստեփանակերտի օդանավակայանով մտահոգ եվրոպացի պատգամավորներին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է News.am լրատվական կայքի հարցին՝ ընդգծելով, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և չեն քաղաքականացնում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, այդպես վարվում է միայն Ադրբեջանը. տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքից:

Հարց.Վերջերս երկու-երեք եվրոպացի պատգամավորներ անհանգստություն են արտահայտել Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որ դա կարող է ազդել բանակցային գործընթացի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Եթե այդ երկու-երեք վերոհիշյալ պատգամավորներն իսկապես անհանգստանում են բանակցությունների ընթացքի համար, ապա պետք է առնվազն հետաքրքրվեն այդ գործընթացով, ծանոթ լինեն ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների մոտեցումներին: Իսկ կոնկրետ այս հարցի վերաբերյալ եռանախագահները բազմիցս կողմերին կոչ են արել զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ, և որ օդանավակայանի բացման հարցը չպետք է քաղաքականացնել: Իսկ ո՞վ է սպառնում: Ադրբեջանը: Ովքե՞ր են քաղաքականացնում: Ադրբեջանը և նրա հորդորներով այս կարգի հայտարարություններ անողները:

Եթե այդ պատգամավորները իսկապես անհանգստացած են տարածաշրջանային անվտանգությամբ և կայունությամբ, ապա ինչո՞ւ երբևէ անհանգստություն չեն արտահայտել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության, սադրիչ գործողությունների առնչությամբ։ Ի՞նչ էին ասում այդ նույն պատգամավորները Սաֆարովյան տխրահռչակ գործարքի վերաբերյալ։ Նրանք կամ լռում կամ անգամ արդարացնում էին Ադրբեջանին, երբ ամբողջ աշխարհը միահամուռ դատապարտում էր Բաքվին:

Ինչո՞ւ են այս պատգամավորները այսպես վարվում: Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը թե՛ մենք, ինչպես նաև հենց իրե՛նք շատ լավ գիտեն:

Մեր դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ շատ հստակ է՝ ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և չեն քաղաքականացնում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը։ Ստեփանակերտի օդանավակայանը միայն քաղաքացիական և մարդասիրական նպատակների համար է:

Մեկնաբանել