Պետբյուջեի գումարներով թարգմանությունները շուկայականից թանկ են․ ԲՀԿ պատգամավորն առաջարկում է վերանայել

Ազգային ժողովում նախօրեի հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի կողմից պետբյուջեի գումարներով իրականացվող թարգմանությունների համար այս տարի հատկացվել է Դ121.2 մլն` Դ12 հազ. մեկ էջի համար, իսկ 2013թ. համար նախատեսված է թարգմանել 10.100 էջ մասնագիտական թարգմանություն: Մինչդեռ մասնագիտական թարգմանությունների շուկայական գինը մեկ էջի համար առավելագույնը կազմում է Դ6 հազ.:

Էնֆիաջյանը նշեց, որ դեռ 2013թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ, տեղեկանալով ուռճացված թվերին, դիմել է նախարարին և ի պատասխան ստացել պաշտոնական տեղեկանք, որում սահմանված ծախսերի գումարից բուն մասնագիտական թարգմանությունների համար հատկացված է 35%, իսկ մնացած 65%-ը համապատասխանաբար` թարգմանությունների վերանայում, մասնագիտական լեզվաբանական խմբագրում՝ 17%, իրավական նույնականացում, իրավաբանական եզրերի հասկացությունների մասով խորհրդատվություն թարգմանիչներին և եզրաբաններին՝ 21%, եզրաբանական աշխատանքներ, բազայի ստեղծում և զարգացում 4%, սրբագրման աշխատանքներ՝ 3%, թարգմանությունների շտեմարանի եզրաբանական բազայի պահպանում նախաթարգմանչական և հետթարգմանչական տեխնիկական մշակման աշխատանքների համակարգչային սպասարկում՝ 9%, վարչական աշխատանքներ, թարգմանությունների համակարգում՝ 8%, թարգմանությունների կենտրոնի պահպանման ծախսեր՝ 3%:

«Բուն թարգմանությունն ու դրա պահպանման ծախսերը միասին կազմել են 35-38%, այսինքն՝ արդյունավետությունը 65-62%-ով բնականաբար պետք է վերանայել»,- նշեց նա:

«Թարգմանությունից հետո կատարվում է թարգմանության վերանայում, քանի որ սա հասարակ փաստաթուղթ չէ, գործ ունենք եվրոպական փաստաթղթերի, օրենքների հետ: Եվ եթե դուք կառաջարկեք շուկայում որևէ կազմակերպություն, որը նույն որակի ծառայություններ կմատուցի, ես ձեզ խոստանում եմ, որ եկող տարվանից ևեթ, քանի որ էս տարի արդեն հաստատված է, էդ ծառայությունները կկատարվեն համապատասխան կարգով»,- պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Մեկնաբանել