Այս տարի կկառուցվի 8 վերգետնյա անցում, 20կմ ոռոգման ցանց

Մայրաքաղաքում շինբարեկարգման ոլորտի առանցքային բաղադրիչը ճանապարհների և տրանսպորտային հանգույցների նորոգմանն ու կառուցմանն է ուղղված լինելու, ինչպես նաև փողոցների նորոգմանն ու հիմնանորոգմանը. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի Զարգացման ծրագրում ընդգրկված շինբարեկարգման ոլորտի աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

«Ասֆալտապատման ծրագիրը, մասնավորապես, կազմում է ծուրջ 2.5 մլն կմ ծավալ, ինչն իսկապես գերազանցում է նախորդ բոլոր տարեկան ծրագրերը։ Ընդգրկված են բոլոր վարչական շրջանները։ Ծրագիրը միտված է այն սկզբունքին, ինչը բազմիցս հայտարարել է Երևանի քաղաքապետը. այն է՝ ապահովել Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը՝ ընդգրկելով բոլոր ենթակառուցվածքներն ու բաղադրիչները՝ շինարարություն, բարեկարգում, կառուցապատում և այլն»,– ընդգծել է Կամո Արեյանը։

Տարեկան ծրագրով հիմնանորոգվելու են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների առանցքային դեր կատարող խոշոր փողոցները, այդ թվում վարչական շրջանները միմյանց կապող և դեպի մարզեր տանող փողոցները։ Ծրագրում ներառված 30 խոշոր փողոցներում նորոգման աշխատանքները կմեկնարկեն գարնանից։

Այս տարի կառուցվելու և շահագործման է հանձնվելու ևս 8 վերգետնյա անցում, որոնք, ըստ քաղաքապետի տեղակալի, բնակիչների կողմից պահանջարկված են։ Կամո Արեյանը մանրամասնել է, որ վերգետնյաների կառուցման համար ընտրվում են ուսումնական ու առևտրային հոսքերին մոտ հատվածները։

Այս տարի շահագործման է հանձնվելու Երևանի երթևեկության բեռնաթափման համար կարևոր երկու խոշոր տրանսպորտային հանգույց՝ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին և Ուլնեցի–Ռուբինյանց հանգույցը։

Գարնանից Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու նաև բակային տարածքների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Այս տարի էլ, ինչպես 2012 թվականին, 400 բակ է շահագործման հանձնվելու։

«Կրկին նույն սկզբունքն է կիրառվում՝ ծրագրում ներառված են բոլոր վարչական շրջանները։ Նաև նույն տեխնոլոգիան պետք է իրականացվի, ինչ անցյալ տարի. բակերում կառուցվելու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բակային տարածքին՝ մանկական, սպորտային խաղեր, նստարաններ, կանաչ գոտի, լուսավորություն, ցայտաղբյուրներ», – ընդգծել է Կամո Արեյանը և հավելել, որ բակերում ապօրին զբաղեցրած հողատարածքները բնակիչներն արդեն կամովին են ազատում ապօրինի կցակառույցներից՝ բակային տարածքներն ընդլայնելու աշխատանքներին անգամ կարճատև խոչընդոտ չստեղծելով։

«Փյունիկ» բարեգործական ընկերությունը արդեն տրամադրել է 830 միավոր սպորտային և 40 միավոր մանկական խաղ, որոնք բաշխված են վարչական շրջաններին և բակերի բարեկարգումից հետո տեղադրվելու են նախատեսված վայրերում։

Կանաչապատման տարեցտարի ավելացող ծավալները պահպանելու և այս տարի էլ ընդլայնելու նպատակով, 2013–ին Երևանում ևս 20 կմ ոռոգման նոր ցանց է կառուցվելու (2012–ին Երևանի ոռոգման ցանցը համալրվել էր 14 կմ–ով)։

«Երևանում դեռ ունենք չմշակված գազոնային տարածքներ, որոնք լայն ծավալով ներգրավելու ենք նոր սիզամարգեր և ծաղկապատ տարածքներ ստեղծելու համար։ Քաղաքապետին կից բնապահպանական խորհուրդն արդեն ներկայացրել է այն ծառատեսակների ցանկը, որոնք նպաստավոր են Երևանի համար։ Դա հիմնավոր մասնագիտական կարծիք է մեզ համար»,- ասել է քաղաքապետի տեղակալը։

Կամո Արեյանը 2013–ի տարեկան ծրագրում հատկանշել է նաև վարչական շրջաններում մեծ հանգստի գոտի կառուցելու հանձնարարությունը և նշել Էրեբունի, Աջափնյակ, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջաններում անցյալ տարի կառուցվածների օրինակները։

«Կանաչապատման, բարեկարգման, սանմաքրման ոլորտի այս տարվա ծրագրերի մեծ ծավալները հաշվի առնելով նկատեցինք անգամ, որ մեր աշխատուժը չի բավարարում այս ծավալներն իրականացնելու համար։ Արդեն հայտարարել ենք, որ մեզ անհրաժեշտ է լրացուցիչ 200 բանվորներական աշխատուժ», – նշել է Կամո Արեյանը։

Մեկնաբանել