Գաղտնիքը սեփական տեսակին չդավաճանելն է. Գագիկ Գինոսյան

Լուսանկարը՝ Գագիկ Գինոսյանի արխիվից:

Ձևափոխված և աղճատված մշակույթը չի կարող ոչ միայն ոգի տալ, այլև իր տեսակին վերադարձնել. ահա թե ինչու են մարդիկ տարիներ շարունակ երես թեքել ազգայինից, ասում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

— Հրաշալի նախաձեռնություն է մեր ազգային պարերը անվճար ուսուցանելը, չէ՞ որ աշխարհում այսօր ազգային տեսակը պահելու խնդիր կա։ Ինչպե՞ս ծագեց գաղափարը։

— Միտքը ինքնին ավելի վաղ գոյություն ուներ, քան «Կարին» խումբը, որովհետև խումբն ի սկզբանե չէր ստեղծվել բեմական գործունեության համար: Գաղափարն այն էր, որ ինչ սովորել էի Հայրիկ Մուրադյանից՝ «Ակունք» և «Վան» խմբերում, հետագայում ինքս էլ մեր գյուղերից հավաքագրել էի շատ պարեր, հատկապես Կարնո պարեր, ուզում էի այդ ամենը հասցնել նոր սերնդին, երիտասարդությանը: Նրանք պետք է ծանոթանան մեր ազգային մշակույթին։

Հետո այնպես ստացվեց, որ շատերը տեսան, լսեցին…, և այդպես սկսվեց մեր համերգային գործունեությունը: Խումբը ստեղծելուց ընդամենը երեք-չորս տարի հետո մեր կողքին այնքան համակիրներ հայտնվեցին, որ «Նարեկացի» արվեստի միությունը, «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամը և «Կարին» պարային խումբը որոշեցին համատեղ ազգային պարերի անվճար ուսուցանում ձեռնարկել։

Դասընթացներն անցկացվում են ոչ միայն «Նարեկացիում» այլ նաև Կասկադում՝ բացօթյա։ Նման միջոցառումներ անցկացրել ենք Հայաստանի տարբեր մարզերում, Ամերիկայում, Սիրիայում, Պարսկաստանում։

— Տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ են հավաքվում այդ դասընթացներին, և բոլորին մեկ բան է միավորում՝ ազգային ոգին, որը մեր օրերում, թվում է, նիրհի մեջ է։

— Խորհրդային տարիներին մեզ ներկայացվում էր ձևափոխված և աղճատված մշակույթ, որը չէր կարող ոչ միայն ոգի տալ, այլև իր տեսակին վերադարձնել. դրա համար էլ մարդիկ երես էին թեքում: Այն, ինչ ներկայացվում էր, մեռյալ մի մշակույթ էր, որը լիցք չէր տալիս։ Ինչքան էլ հարազատ լինի «հանգուցյալը», միևնույն է, հաջորդ քայլը նրան հողին հանձնելն է։ Եվ փառք Աստծո, որ մեր շրջաններում, գյուղերում մեր ազգային պարերը դեռ պահպանվել են ու մինչև օրս էլ կենսունակ են։

— Հայի էությանը բնորոշ են խրոխտ և ռազմաշունչ պարեր, դա չե՞ք պայմանավորում տեղանքով ու բնությամբ։

— Կարծում եմ՝ յուրաքանչյուր լեռնեցու համար ոգեշունչ պարը դաստիարակության ամենակարևոր հիմքերից է։ Լեռնեցի մարդը ոչ միայն հակառակորդին, այլև բնության առհավիրքներին դիմակայելու խնդիր ուներ: Այսինքն՝ մարդը պետք է հզոր լիներ և ուժեղ:

Իսկ մեր պարը՝ ամբողջը, արտացոլքն է մի լայն սպեկտրի, որում կան և՛ բնակլիմայական պայմանները, և՛ աշխարհագրական գոտին, և՛ սրբատեղիները, նաև կենդանական աշխարհը, որովհետև ունենք պաշտամունքային բազում պարեր։ Հետաքրքիրն այն է, որ նույն պաշտամունքային տարրերը կարելի է տեսնել մեր գորգարվեստում, խաչքարերի, սափորների վրա… և նույն պարաքայլերը՝ մեր պարերում։

— Ո՞րն է ազգի հարատևման գաղտնիքը։

— Սեփական մշակույթին, սեփական տեսակին ներդաշնակ լինելը: Շատ երկրներ, շատ ժողովուրդներ չապրեցին ցեղասպանություն, բայց իսպառ վերացան: Իսկ հայը, որ դարեր շարունակ կոտորածների ու ջարդերի միջով է անցել, նաև ցեղասպանություն ապրել, դեռ ապրում է, գոյատևում և դեռ հզորանալու դրսևորումներ է ցուցաբերում։

Գաղտնիքը ազգային տեսակը և ազգային մշակույթը պահելն է: Ուսուցիչս՝ Հայրիկ Մուրադյանը, երգը չէր փրկում միայն, երգի միջոցով՝ ազգի տեսակը՝ սասունցու, շատախցու, մշեցու տեսակը։ Դրանով նա փրկում էր նաև վերադառնալու երազանքը՝ մենք անպայման վերադառնալու ենք այնտեղ, որտեղ ծագել է այդ մշակույթը։ Հայ լինելու գաղտնիքը սեփական տեսակին չդավաճանելն է։

— Ինչպե՞ս ձևավորել հասարակական ճաշակ։ Հայաստանում այսօր արվեստագետը կարո՞ղ է ճաշակ ձևավորել։

— Եթե ուզում ենք կատարյալ ճաշակ ունենալ և այն սերմանել ժողովրդին, պետք է ունենանք բարձրաճաշակ արվեստագետներ և մտավորականներ, որոնց էլ պետք է տրամադրվեն ամբիոններ։ Կան բարձրակարգ մտավորականներ, որոնք հնարավորություն չունեն հասարակությանը ծանոթացնելու իրենց տարիների քրտնաջան աշխատանքով ձեռք բերածին՝ զրկված են ամբիոնից։ Իսկ մարդիկ, որոնց ստեղծած մշակույթն անճաշակ է կամ հակամշակույթ, ունեն հնարավորություն, ունեն հեռուստաեթեր, և հենց դա էլ սերմանվում է այսօրվա սերնդին։

Առնվազն պետք է տգետ լինել՝ փորձելու համար դուրս գալ այն հեղեղի դեմ, որը կոչվում է ազգային մշակույթ։ Ով փորձում է դուրս գալ, ընդամենը ինքն իրեն է դատապարտում։ Ցավոք, որոշ իշխանավորների մոտ այն մտայնությունն է, որ ազգային, անաղարտ մշակույթը մրցունակ չէ։

— Ինչի՞ հետ մրցունակ չէ։

— Անկեղծ ասած՝ չեմ հասկանում: Չգիտեմ: Ուզում եմ կոշտ հայտարարությամբ ասել՝ մշակույթները մեկը մյուսի հետ մրցունակ լինել չեն կարող։

— Նման խնդիր էլ չունեն։

— Մենք մրցավազքի չենք դուրս եկել, կամ բիզնես չէ, որ մրցունակ լինի կամ չլինի։ Մշակույթը մարդու հոգևոր դաստիարակության հիմնասյունն է և այդ առումով՝ ազգակերտ ամենալուրջ գործոններից մեկը: Եվ ցավոք, քանի դեռ նման մտայնություններ կան, մեր մշակույթին բավական խոտոր ճանապարհ է սպասվում։

Զրուցել է Սաթենիկ Ազատյանը

Մեկնաբանել