Թեկնածու մնալու 13 դիմում Սահմանադրական դատարանին

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Առաջին դիմումը մտմտաց, երբ տեսավ ատրճանակը. «Խնդրում եմ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն` հետաձգել ընտրությունները անհաղթահարելի խոչընդոտների առաջացման պատճառով»: Բայց ատրճանակը չէր կրակել: Դիմումը մնաց չգրված: Կրակելուց հետո մտմտաց երկրորդ դիմումը. «Խնդրում եմ…»: Շարունակությունն առաջ չգնաց: Իսկ եթե վերքը մահացու լինի ու ընդհանրապես ընտրություններում իմ կարիքը չզգացվի՞: Երրորդ դիմումի համար սպասեց ամբողջ 45 կամ 50 րոպե: Թելադրում էր Աստված գիտե, թե՝ ում: «Խնդրում եմ սույնով անհաղթահարելի դիմումը ընդունել Սահմանադրության 52-րդ հոդվածի առաջացման պատճառով»: Ինքնին պարզ է, որ ինչ-որ բան դիմումում այն չէր:

Բացի դրանից հրազենային շոկի պատճառով այնքան էլ հստակ չէր, թե ում էր հասցեագրում այս դիմումը: Հիվանդանոցի անկողնում ինչ-որ որոշակիություն մտավ: Պետք է դիմել Սահմանադրական դատարան: Գլխավոր հարցն առջևում է՝ ինչպե՞ս գրել, թելադրել չի կարելի, քանի որ պատմության համար ձեռագիր է պետք, ոչ թե մտադրություն: Իսկ գրել առայժմ ի վիճակի չէ: Չորրորդ դիմումը սակայն հասունանում էր բոլորի գլխում, բայց ոչ՝ նրա: Հիմա դա պարզապես հանրապետության ամենագլուխն էր, ձեռագիրը կսպասի: Հինգերորդ դիմումն արդեն տեսնում է երազում, գրում է ձախ ձեռքով:

Շուրջբոլորը ՀՀ բոլոր նախագահներն են, որոնք ոչինչ չեն ասում այն մասին, թե երբ է գալու նախագահ լինելու իր հերթը: Պատռում է հինգերորդ դիմումը և արթնանալու ճանապարհին գրում վեցերորդը. «Սլավոնական տեսքով ԿԳԲ-շնիկ էր կրակողը»: Երազում գլխի չի ընկնում, որ դա ցուցմունք է, ոչ թե դիմում, նույնքան՝ անպտուղ, որքան նախորդ հինգ դիմումները: Յոթերորդ դիմումը գրում է ինքնաբերաբար, բայց միանգամայն հստակ ուղեղով: Սակայն հիվանդասենյակ է այցելում է երկրի ղեկավարը: «Միգուցե չգրե՞ս»,- հարցնում է նա: «Արդեն գրել եմ»,- պատասխանում է նախագահի վիրավոր թեկնածուն: «Որ ի՞նչ անես»,- ասում է երկրի ղեկավարը: «Որ հարցնես»,-հակադարձում է թեկնածուն: Երկրի ղեկավարը հասկանում է ակնարկը: Մի քանի օրից դիմումը հաստատ չի գրվի, բայց մի բան կներկայացվի ՍԴ: Այսինքն, թեկնածուն իր ոտքով, իր ձեռքով, միանգամայն առողջ կմտնի ՍԴ և կասի, որ կան անհաղթահարելի խոչընդոտներ: Երկրի ղեկավարը մինչ այդ կմտածի խոչընդոտների, բայց ոչ ութերորդ դիմումի մասին: Ութերորդ դիմումը գրվեց, երբ հիվանդասենյակ մտան և դուրս եկան բոլոր թեկնածուները: Իններորդը գրեց, երբ Րաֆֆին մտավ երկրորդ անգամ: Կարծես թե որոշարկվում էր անհաղթահարելի խոչընդոտը: Բայց Րաֆֆին դուրս եկավ:

Տասներորդ դիմումը գրվեց, երբ բոլոր թեկնածուները հայտարարեցին, որ հանցագործը կրակել է ոչ թե Հայրիկյանի, այլ իրենց և պետականության դեմ: Այնպես որ տասներորդ դիմումը բողոք էր զոհ լինելու համազգային իրավունքի և անհրաժեշտության մասին: Տասնմեկերորդ դիմումը դեռ գրվում է: Տասներկուերորդ դիմումը պատրաստ էր էպոսագետի հայտարարություններից մեկի և Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 7-րդ օրվա արանքում, երբ դեռ պատրաստ չէր հինգերորդ դիմումը:

Տասներեքերորդ դիմումը Սահմանադրական դատարանում էր դեռևս կրակոցից առաջ: Հետագա բոլոր դիմումներն արդեն հատվածներ էին թեկնածուի հիվանդասենյակում բուժքույրերին և ցավակիցներին ուղղված խոսքերից: Ի վերջո Սահմանադրական դատարան մտավ մի տեքստ, որը հիվանդասենյակում մի քանի ժպիտների արանքում մտածել էին երկրի ղեկավարը և թեկնածուն. «Փաստելով, որ երկրի ղեկավարի և իմ դեմ կատարված այս ահաբեկչության առաջացրած բոլոր վտանգները մնացել են ետևում, հիմք ընդունելով, որ ընտրությունները տեղի են ունենում իմ կատարյան ինքնազգացողությունից 15 օր շուտ, խնդրում եմ առաջնորդվել Սահմանադրության 52-րդ հոդվածի դրույթներով և ընտրությունները հետաձգել երկու շաբաթով ձեզ հարմար ժամանակում»:

Մեկնաբանել