Carrefour-ը կարող է էապես փոխել շուկան

Վահան Քերոբյանի կարծիքով՝ Carrefour-ի գալը Հայաստան և շուրջ $150 մլն ներդրում կատարելու պատրաստակամությունը շատ մեծ ազդակ կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ ներդրողների համար:

«Սթար» սուպերմարկետների ցանցի նախկին տնօրեն Վահան Քերոբյանը Հայաստանի ամենահաջողակ մենեջերներից է: Նրա ղեկավարությամբ «Սթար» ցանցը սկսել է մեկ խանութով և դարձել 32 խանութներից բաղկացած մանրածախ առևտրի ամենամեծ ցանցը Հայաստանում: Նա անցած տարի թողել է ցանցի տնօրենի պաշտոնը և սկսել էլեկտրոնային առևտրի ոլորտում իր սեփական բիզնեսը՝ Menu.am նախագիծը: Քերոբյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է իր նախագծի, երկրում ընդհանուր բիզնես միջավայրի և Carrefour ցանցի Հայաստան գալու հնարավորության մասին:

-Պարոն Քերոբյան, նոր բիզնես եք նախաձեռնել՝ Menu.am նախագիծը: Ինչո՞ւ էլեկտրոնային առևտրի ոլորտում:

-Երբ անցած տարի դուրս եկա «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնից, կարիերան շարունակելու մի քանի հնարավորություն ունեի՝ կարող էի անցնել այլ ղեկավար պաշտոնի, նոր գործ սկսել եղած շուկայում կամ էլ նոր ինովացիոն բիզնես սկսել։ Ես նախընտրեցի ռիսկային, բայց նորարար բիզնեսը՝ էլեկտրոնային կոմերցիան, որը Հայաստանում սաղմնային վիճակում է: Դրդապատճառն այն էր, որ Հայաստանում զգալիորեն աճել է ինտերնետ հասանելիությունը, և էլեկտրոնային կոմերցիան մեծ ռեսուրսներ չպահանջող բիզնես է: Menu.am-ը միասնական պատվերների համակարգում համախմբում է երևանյան տասնյակ ռեստորաններ և սրճարաններ: Մենք ապահովում ենք թարմ սննդի առաքում տարբեր ռեստորաններից անմիջապես բնակարան, աշխատավայր կամ հյուրանոցային համար: Արդեն գործում ենք չորս ամիս, և ուրախությամբ կարող եմ ասել, որ մեր սպասելիքներն արդարացել են։ Հայ սպառողը բավական բարեհաճ է էլեկտրոնային առևտրի նկատմամբ, և մեր ընկերությունը արդեն երկու-երեք նախագիծ է ձեռնարկում, որոնք ուղղված են լինելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներին։ Նախ՝ Menu.am-ը կարող ենք պրոյեկտել մեր մերձավոր շուկաներում, առաջին հերթին՝ Վրաստանում, Մոլդովայում, Ղազախստանում և մի քանի այլ երկրներում: Մենք հասկացել ենք բիզնեսի ողջ տրամաբանությունը: Կարծում եմ՝ կկարողանանք աշխատել նաև այդ շուկաներում։ Այլ նախագծերի մասին առայժմ չեմ ցանկանա խոսել։

-Գործարար միջավայրը սկսնակ բիզնեսների համար նպաստավո՞ր է, իսկապե՞ս առկա է բարելավում։

-Իրականում աշխարհը զարգանում է, և շուկաներում միշտ տեղ կա աճելու, զարգանալու: Մանավանդ Հայաստանի պարագայում նման ուղղությունները բազմաթիվ են: Զարգացած, առաջադեմ մարդու համար ես լուրջ խոչընդոտ չեմ տեսնում: Ավելին, համոզված եմ, որ քանի դեռ ընդհանուր միջավայրը ավանդական մեխանիզմների վրա է հենված, նորարարների համար հաջող գործունեություն ծավալելու լայն դաշտ կա: Ինչ վերաբերում է ընդհանուր գործարար միջավայրին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում «բիզնես սենթիմենթը» [business sentiment]՝ նոր պրոյեկտներ սկսելու գործարարների տրամադրվածությունը, դեռևս բարձր մակարդակի վրա չէ, մինչդեռ այդ «բիզնես սենթիմենթը» տնտեսական աճի կարևոր ազդակներից մեկն է, թե ինչպես են մարդիկ նայում ապագային։ Օրինակ՝ Գերմանիայում և առհասարակ Եվրոպայում գործարարների տրամադրվածությունը համարվում է ապագա տնտեսական աճի հիմնական չափիչը:

-Միգուցե այդ «բիզնես սենթիմենթը» Հայաստանում ցածր մակարդակի վրա է՝ պայմանավորված ընդհանուր միջավայրո՞վ։

-Հայաստանում աշխատելը շատ դժվար է: Այդ իսկ պատճառով մենք գիտենք, թե որքան մարդ է գնում այստեղից, որքան գործարար է լքում երկիրը։ Շատ կարևոր է, որ կարգավորող պետական մարմինները այնպիսի միջավայր ստեղծեն, որ մարդիկ հաճույքով ներդրում կատարեն: Ես շատ քիչ մարդ եմ ճանաչում, որը Հայաստանում երկարաժամկետ ներդրումներ է կատարում, որոնց վերադարձելիությունը լինելու է հինգ տարի անց:

-Հաշվի առնելով մանրածախ առևտրում Ձեր փորձը՝ ընդհանրապես ընտրությունները, քաղաքական զարգացումները Հայաստանում ինչպե՞ս են ազդում սպառողների վարքագծի վրա։

-Կարող եմ ասել, որ նախընտրական և հետընտրական շրջանում ընտրողները հակված են շատ գումար ծախսել։ Այդ շրջանում զգալիորեն աճում են վաճառքների ծավալները: Դժվարանում եմ ասել, թե ինչով է դա պայմանավորված։ Ես պարզապես արձանագրում եմ փաստերը։

-Վերջին շրջանում հասարակական քննարկման կենտրոնում ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցի հնարավոր մուտքն է Հայաստան: Այդ թեմայի շուրջ տարատեսակ մեկնաբանություններ են լինում: Carrefour-ի գալն ի՞նչ կտա Հայաստանին։

-Իսկապես, արդեն քանի ամիս է, ինչ Carrefour-ի թեման հանրության ուշադրության կենտրոնում է։ Ես դրական եմ նայում այդ ընկերության գալուն: Դա Հայաստանի համար դրական իրադարձություն է, և Carrefour-ը կարող է էապես փոխել արագ սպառվող ապրանքների շուկան։ Բացատրեմ, թե ինչու եմ այդպես կարծում։ Carrefour-ն իր բարձր ստանդարտներով նոր խոսք կմտցնի մատակարարման ողջ շղթայում՝ թելադրելով թե՛ որակի, թե՛ մատակարարման նոր չափանիշներ։ Էապես կբարելավվի սպառողներին առաջարկվող տեսականին։

Carrefour-ի գալու հետ կապված ես որևէ գործոն չեմ տեսնում, որ կարող է բացասական լինել Հայաստանի համար։ Բացի այդ, մի քանի տարի է, ինչ Հայաստանում որևէ օտարերկրյա լուրջ ընկերություն ներդրում չի կատարել: Carrefour-ի մերձավորարևելյան ֆրանչայզի գալը Հայաստան և նրա՝ շուրջ $150 մլն ներդրում կատարելու պատրաստակամությունը շատ մեծ ազդակ կարող է լինել տարածաշրջանային և գլոբալ ներդրողների համար, որ Հայաստանը ներդրումների համար նպատակահարմար երկիր է։ Եթե ինչ-ինչ պատճառներով չհաջողվի Carrefour-ի մուտքը հայկական շուկա, ապա դա շատ վատ կազդի Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Եթե MAF-ը [Majid Al Futtaim Holding, Carrefour-ի մերձավորարևելյան արտոնագրային գործընկերը], որը կարողանում է աշխատել 11 երկրներում, այդ թվում՝ Պակիստանում, Բահրեյնում, Իրանում ու Վրաստանում, իսկ Հայաստանում չկարողանա, դա ներդրողների համար բացասական ազդակ կլինի։

-Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտում առանձին տնտեսվարողներ աշխատում են ոչ մրցակցային խաղի կանոններով: Կկարողանա՞ Carrefour-ը հաջող աշխատել այդ միջավայրում։

-Կարծում եմ՝ Carrefour-ը իր գնման ուժի և աշխարհում ունեցած շրջանառության միջոցով կարող է դիմագրավել ոչ հավասար մրցակցությանը և հաջողություն ունենալ։ Հնարավոր է՝ նույն շաքարավազի մասով չհաջողվի, բայց մյուս ապրանքների, օրինակ՝ մրգերի մասով, կարող է շուրջ երեք անգամ էժան գներ առաջարկել և արդյունքում կարող է չեզոքացնել շաքարավազի բարձր գները։ Այնպես չէ, որ Carrefour-ը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եթե նրանք որոշել են ներդրումներ կատարել Հայաստանում, ապա գրագետ հաշվարկներ են կատարել: Carrefour-ի մուտքով կարող է հնարավորություն ստեղծվել նաև արտահանողների համար։ Այդ ընկերության ցանցը լավ միջանցք կարող է ստեղծել հայ արտադրողների համար, որոնք Carrefour-ի միջոցով կարող են ապրանքներ իրացնել ներկայացված 11 երկրներում:

-Հայաստանի շուկան շատ փոքր է: Carrefour-ի գալու մոտիվացիան ո՞րն է։

Առաջին հայացքից այդ հարցը տրամաբանական է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դասագրքային ճշմարտություն է, որ որևէ երկրում հիպերմարկետների ցանցը կարող է շահութաբեր լինել, եթե ունի 7-10 հիպերմարկետ: Հայաստանի պարագայում Carrefour-ը երբեք այդքան հիպերմարկետ չի կարող ունենալ. լավագույն դեպքում կունենա երեք-չորս հիպերմարկետ, ընդ որում՝ բոլորը Երևանում։ Մայրաքաղաքից դուրս սպառման կենտրոններն այնքան փոքր են, որ հիպերմարկետների համար տեղ չկա։ Բայց պետք է մեկ այլ գործոն հաշվի առնել։ Կարծում եմ՝ Carrefour-ի մուտքը ավելի շատ քաղաքական է, քանի որ ռիթեյլերներին գնահատելիս, հաշվի են առնում, թե քանի երկրում են նրանք գործունեություն ծավալում, և երկրի չափը այդքան էլ մեծ դեր չի խաղում։

Զրուցել է Կարեն Հարությունյանը

Մեկնաբանել