Դավիթաշենի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ`շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով և դադարեցնելով վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները` Արթուր Գևորգյանն իր հետագա գործունեությամբ ևս կշարունակելի ակտիվորեն աջակցել բնակչության ու վարչական շրջանի խնդիրների լուծմանը:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը` որպես Երևանի ավագանու անդամ, ակտիվ գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման համակարգում և իր նպաստն է ունեցել համայնքային ծրագրերի մշակման աշխատանքներում: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները շարունակելով, Դավիթաշենը կարող է դառնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը:

«Վերջին տարիներին դրական տեղաշարժերը Դավիթաշեն վարչական շրջանում ակնհայտ են, և այդ գործում իր լուման ունի աշխատակազմի անդամներից յուրաքանչյուրը: Արձանագրված հաջողություններն առաջին հերթին գնահատվում են բնակչության կողմից, բայց դրանով պետք չէ բավարարվել: Հետևողական ու սրտացավ աշխատանքի շնորհիվ պետք է հետամուտ լինել ոչ միայն վարչական շրջանի ամենօրյա խնդիրները լուծմանը, այլև զարգացման կոնկրետ ծրագրերի իրականացմանը»,- բարի երթ մաղթելով պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին` նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև շեշտել է, որ քաղաքային տնտեսության զարգացման և համայնքային նշանակության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան և վարչական շրջանի աշխատակազմը պետք է կրկնապատկի ջանասիրությունն ու ներդրումն աշխատանքում, որպեսզի բնակչության համար ապահովվի հարմարավետ միջավայր`բարեկարգ բակից մինչև փողոց ու հրապարակ:

Մեկնաբանել