Գուցե կզորացրվեն մեկ ամիս ուշ. Գ.Հարությունյան

«Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» հաղորդման շրջանակում Գագիկ Հարությունյանը նշեց, որ 12-ամյա կրթական համակարգի ներդրումով պայմանավորված` զորակոչը մեկնարկում է մայիսին և կտևի մինչև հուլիսի վերջը, քանի որ զինակոչիկներից շատերը պիտի ավարտեն իրենց դասապրոցեսը և հնարավորություն ունենան մասնակցելու միասնական քննություններին:

«Օրենսդրական այս փոփոխության հետ կապված` հնարավոր է, որ որոշ զորակոչիկներ ծառայեն ոչ թե 24, այլ` 25 ամիս, ինչը նախատեսված է օրենքով, Պաշտպանության նախարարի հրամանով»,- ասաց նա: Ըստ Հարությունյանի` այդ հավելյալ ժամանակը չի ձգվի ավելի քան մեկ ամիս:

Նա հավաստեց, որ բուժզննումները վերահսկվում են, խստորեն քննում են նշված բոլոր խնդիրները, քանի որ հիվանդ զինվորը բանակում խնդիրների պատճառ է դառնում: «Ինչ-որ խնդիր ունեցող զինծառայողի մոտ կարող է գլուխ բարձրացնել որևէ հիվանդություն` դա բացառել հնարավոր չէ»,- ասաց նա` հավաստելով, որ դա հնարավոր չէ բացառել նաև քաղաքացիական կյանքում: Բուժզննում անցկացնող մասնագետների մեջ նկատվել են կոռոպցիայի դեպքեր` չժխտեց Հարությունյանը, այդ մարդիկ հեռացվել են աշխատանքից և պատասխանատվության ենթարկվել:

Հարությունյանը նշեց, որ ըստ օրենսդրական փոփոխությունների հիմա բնակության վայրից ոչ ավելի քան 150կմ հեռավորության վրա ծառայելու հնարավորություն ունեն երկկողմանի ծնողազուրկ, միակողմանի ծնողազուրկ (եթե 18 տարեկանից մեծ քույր կամ եղբայր չունեն), ամուսնացած և մեկ զավակ ունեցող զորակոչիկները: