Վարչապետը հանձնարարեց կարգավորել ID քարտերի հետ կապված խնդիրը

Կառավարությունը քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստանում, որ պետական և մասնավոր մի շարք կառույցներ ID նույնականացման քարտերից բացի` պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Այս մասին այսօր` մարտի 21-ին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` 2014թ. հունվարի 1-ից ներդրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչը նշանակում է, որ 270 հազ. քաղաքացի իրականացնելու է վճարումներ իր անհատական հաշիվներին, և իրավունք ունեն տեղեկություններ ստանալ, թե ինչպես է պետությունը կատարում իր պարտավորությունները, իսկ կառավարիչ ֆոնդերը ինչպես են կառավարում այդ միջոցները: Վարչապետը նշեց, որ քաղաքացիներն այդ տեղեկությունները կարող են ստանալ ID քարտերի միջոցով միայն, սակայն այսօր երևում է, որ դրանց հետ կապված խնդիրներ կան և քաղաքացիներից պահանջում են նաև անձնագիր:

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, անդրադառնալով վարչապետի բարձրացրած խնդրին, ասաց, որ քարտ ունեցող քաղաքացիներից նաև անձնագիր պահանջելն իրավաչափ չէ, քանի որ օրենսդրորեն ամրագրված է, որ ID քարտը փոխարինում է անձը հաստատող փաստաթղթին:

Օսիկյանը նշեց, որ այսօր 64 հազ. քաղաքացի ներկայացրել է ID քարտ ստանալու դիմումներ, և 62 հազ-ն արդեն ստացել է: Վարչապետը հանձնարարեց, որ ID քարտերի հետ կապված խնդիրը կարգավորվի, և մինչև 2014թ. հունվարի 1-ը ծառայություններ մատուցող բոլոր կառույցները պատրաստ լինեն դրանց հետ աշխատելուն, որպեսզի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո խնդիրներ չառաջանան:

Հատկանշական է, որ չնայած վարչապետն անդրադարձավ ID քարտերի խնդրին, սակայն անտեսվեց 270 հազ. քաղաքացիների կողմից քարտերի ձեռքբերման կազմակերպման հարցը: Խնդիրն այն է, որ ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, քաղաքացիները սովորաբար օրենսդրական պահանջները սկում են կատարել տարեվերջին, ինչը հանգեցնում է լուրջ խնդիրների: Ճիշտ կլիներ, եթե վարչապետը կոչով դիմեր քաղաքացիներին` այս պահից սկսած դիմել ID քարտերի ստացման համար` գործընթացն ավելի սահուն կազմակերպելու համար:

Մեկնաբանել